Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել մի շարք որոշումներում՝ դյուրացնելով ընդերքօգտագործողների թղթաբանական գործունեությունը: Արդյունքում կկարգավորվեն ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի և ընդերքօգտագործողների միջև կնքվող պայմանագրի կնքման գործընթացների հետ կապված հարաբերությունները, կկրճատվեն ընդերքօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում կնիքի հետ կապված ժամկետները և ծախսերը:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ապահովելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության մեջ տնտեսվարող սուբյեկտներին զգուշացում տալու և լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու գործառույթների ամրագրումը: Այդ գործառույթների արդյունքներով է պայմանավորված տնտեսվարող սուբյեկտների կողմից պայմանագրային պարտավորությունների հետագա կատարումը կամ նրանց տրամադրված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը:
ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև կնքված «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի առաջին բաղադրիչի կիրարկման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է «Անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում նախատեսված է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տվյալների թվայնացում և հրապարակում: Ծրագրի իրականացման արդյունքում պետք է թվայնացվի ֆոնդում առկա օգտակար հանածոների մոտ 750 հանքավայրերի և 600 հանքերևակումների վերաբերյալ կազմված շուրջ 12,000 երկրաբանական հաշվետվություններ և 8,000 միավոր քարտեզագրական և գծագրական փաթեթներ: Յուրաքանչյուր հանքավայրի մասին տեղեկատվությունը կազմված է 2-3 գրքերից: Վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմը ձեռք է բերել որոշման հավելվածում նշված սարքավորումները:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ