Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ամեն ինչ անելու է Վերին Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված մեր քաղաքացիներին սատարելու և բեռնափոխադրումներն իրականացնելու համար

Հունիս 30,2016 15:41

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին և նշել, որ երկու երկրների համապատասխան նախարարները համատեղ ինտենսիվ աշխատում են: Այնուհետև փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ընթացող գործընթացների մասին: «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 134-135 կմ-ում հունիսի 23-ից հորդառատ անձրևների պատճառով հունից դուրս եկած և հոսքի ուղղությունը փոխած Թերեք գետը հեղեղել է ճանապարհի այդ հատվածը: Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումների իրականացումը դարձել է անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով: Խնդիրը գտնվում է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում: Եվ ինչպես արդեն նշվեց, համապատասխանաբար, Արտակարգ իրավիճակների և Տրանսպորտի ու կապի նախարարություններն օպերատիվ կապի մեջ են թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի իրենց գործընկերների հետ: Վարչապետը նամակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունն ինքնաթիռ է հատկացրել՝ սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար: ՌԴ ԱԻՆ-ը Վլադիկավկազ-Երևան թռիչքով իրականացրել է արդեն իսկ 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր այսօր կփոխադրվի:

Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի-Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են Նովոռոսիյսկ և այժմ բեռնաթափվում են: Նովոռոսիյսկ-Վառնա-Բաթումի ուղղությամբ Հայաստան եկող բեռնատարները հուլիսի 3-ին կհասնեն Բաթումի: Հուլիսի 4-ին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն իսկ վաճառվում են: «Սպայկա» ընկերության կողմից վարձակալված Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ առաջին լաստանավը 55 բեռնատարներով գտնվում է Նովոռոսիյսկում և սպասում է նավամատույցին մոտենալու թույլտվությանը: Իսկ հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երկրորդ լաստանավը: Առկա տեղեկատվության համաձայն, բեռնատարների կուտակումը Վրաստանի տարածքում հասնում է 15-20 մեքենայի՝ չհաշված այն մեքենաների, որոնք դեռ Հայաստանի տարածքից դուրս չեն եկել, կամ գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում: Ռուսական կողմում կուտակումները կազմում են 40-ից 50 մեքենա, սակայն Վլադիկավկազի մոտ ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ: Խոսքը չի վերաբերում միայն ՀՀ մեքենաներին: Կուտակումներ կան նաև Միներալնիյե Վոդի, Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների մերձակայքում: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ արտահանվել է շուրջ 10 հազար տոննա ծիրան, ևս հինգ հազար տոննա դեռ արտահանվելու է: Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայման լաստանավի վրա տեղ ամրագրել: Համաձայն Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ճանապարհային վարչության և ոստիկանության տեղեկատվության՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հոսքը մոտ հիսուն տոկոսով տեղափոխվել է դեպի իր նախկին հուն, որի մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: Դրանից հետո կանցկացվի վնասների ուսումնասիրություն, որի ընթացքում արդեն շատ հստակ պարզ կլինի ճանապարհի վերականգնման համար անհրաժեշտ ժամանակը:

Նախնական գնահատականներով, աշխատանքները կարող են տևել երկուսից երեք շաբաթ: Այդ ընթացքում մեր Տրանսպորտի ու կապի նախարարությունը և ԱԻՆ-ն աշխատելու են՝ անընդհատ բնակչության ու իրենց գործընկերների հետ կապի մեջ լինելով: Հորդորում ենք մեր բոլոր քաղաքացիներին պլանավորել իրենց գործողությունները՝ հետևելով դեպքերի զարգացման ընթացքին և, բնականաբար, ըստ անհրաժեշտության, դիմել մեր այն ծառայություններին, որոնց արդեն իսկ նշեցի: Կառավարությունն ամեն ինչ անելու է՝ սատարելու մեր քաղաքացիներին թե՛ ՀՀ գալու, թե՛ բեռնափոխադրումներ իրականացնելու համար»,-նշել է փոխվարչապետը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930