Այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայում մեկ ամիս հետաձգումից հետո շարունակվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին գազանաբար սպանելու մեջ ամբաստանվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Դատական նիստը սկսվեց անակնկալով. գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը ընթերցեց մի որոշում, որով մերժում էր Ավետիսյանների փաստաբանների՝ ՌԴ-ի դեմ ներկայացրած պատճառած վնասների փոխհատուցման մասին քաղհայցը: Ըստ դատավորի, այն չի համապատասխանում ՀՀ Քրեական օրենսգրքի պահանջներին:
Դատավոր Մովսիսյանի այս որոշումն անակնկալ էր, քանի որ նա նախորդ դատական նիստին հայցը ընդունել էր վարույթ, Ռուսաստանի Դաշնությանն էլ ճանաչել էր որպես քաղաքացիական պատասխանող:
Նախորդ դատականի նիստին՝ դեռ մի ամիս առաջ Ավետիսյանների փաստաբաններից Արամազդ Կիվիրյանը քաղհայց էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ պահանջելով Ավետիսյանների սպանված չափահաս անդամների մասով 50 հազար եվրոյին համարժեք, երկու փոքրիկների մասով՝ 100 հազար եվրոյին համարժեք դրամ: Դատավորը հայցը ընդունելով վարույթ՝ մեկ ամիս ժամանակ էր տվել այն ռուսերեն լեզվով թարգմանելու համար:
Այսօր, երբ դատավոր Մովսիսյանը ընթերցեց այն մերժելու մասին որոշումը, սա անչափ զայրացրեց Ավետիսյանների շահերը պաշտպանող փաստաբան Լուսինե Սահակյանին, որը դատավորին ասաց, թե իրենք այդպես էլ չհասկացան, թե ի՞նչ է ընթերցում նա:
Կարդացեք նաև
Փաստաբանը դատավորին ասաց. «Ակնհայտ է, որ այս ընթացքում ճնշումներ են եղել ձեր նկատմամբ: Այն, որ ասում էին, թե դուք ի սկզբանե չեք կարող օբյեկտիվ, բազմակողմանի քննել այս գործը, այն, որ դուք ակնհայտ կաշառված եք ՝ գտնվելով ռազմաբազայում, դատական նիստ անելով ու դուք այս պահին հիմնավորեցիք, որ Ռուսաստանի Դաշնության շահերն եք սպասարկում»:
Լուսինե Սահակյանը, դատավորին հիշեցրեց, որ նա շատ լուրջ գործ է քննում ու պարտավոր է պատկերացնել, որ նման տիպի խաղերն ուղղակի անթույլատրելի են: Փաստաբանը մեկ շաբաթ ժամանակ պահանջեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար:
Դատական նիստը հետաձգեցին մեկ շաբաթով: Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել, քանի որ նախորդ դատական նիստին քաղհայցվոր ճանաչեց, ՌԴ-ին էլ քաղպատասխանող, մեկ ամիս ժամանակ տրամադրեց, որպեսզի քաղաքացիական պատասխանողին ուղարկի հայցը:
«Այս մեկ ամսվա ընթացքում հասկանալի է, որ լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, եւ ինչ-որ մեկը որոշել է, որ պետք է որոշում գրի, այն որոշումը, որն արդեն հրապարակեց: Այս որոշումը դատարանը կայացնելու իրավունք չուներ, քանի որ հայցն արդեն ընդունված էր: Նախորդ նիստից հետո որոշում է կայացվել, որ նախորդ նիստում ինչ-որ կատարվել է, սխալ է եղել, եւ դատարանը գոնե թե գար, դատական նիստ բացեր, ինչ-որ քննարկում կատարեր, որից հետո ինչ-որ որոշում կայացներ, եկավ ու հրապարակեց գրած որոշումը: Նա իրավունք էլ չուներ նման որոշում գրելու, որովհետեւ դատական նիստից դուրս նա իրավունք չունի գրելու: Նա պետք է հեռանար խորհրդակցական սենյակ ու խորհրդակցական սենյակում նման որոշում կայացներ, բայց նման կարգով ուղղակի իրավունք չուներ որոշում կայացնել:
Ակնհայտ է, որ հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս դատարանի, ապացուցեց, որ ուղղակի Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ մի գործողություն նրանք չեն կարող կատարել, նույնիսկ իրավական հարթության մեջ: Իսկ որ քաղաքացիական հայցը ներկայացված է օրենքի շրջանակներում, սա ակնհայտ է, եւ եթե չլիներ օրենքի շրջանակներում, դատարանը նախորդ դատական նիստին քաղաքացիական հայցվոր չէր ճանաչի», -ասաց Լուսինե Սահակյանը:
Նա նաեւ նախազգուշացրեց, որ եթե այս հայցը պատշաճ ձեւով չքննվի ՀՀ-ում, Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու դեպքում պատասխանող կլինի ոչ միայն ՌԴ-ն, նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ իր պարտավորությունը չի կատարել:
Ըստ փաստաբանի, ի վերջո պետք է Հայաստանի Հանրապետությունը հասկանա, որ իր քաղաքացիները, յոթ հոգուց բաղկացած մի ամբողջ ընտանիք մահացել են ՌԴ-ի զինվորի ձեռքով, եւ դա կատարվել է ոչ միայն զինվորի, այլ Ռուսաստանի Դաշնության մեղքով: Իսկ սա հիմնավորված է քաղհայցի մեջ:
Aravot.am-ը փաստաբան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց, թե այս որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը որպես գործընկեր չուզե՞ց նեղացնել: «Ես կարող եմ անդրադառնալ միայն որոշման օրինականությանը: Կարող եմ նշել, որ այս որոշումը օրենքի հիման վրա կայացրած որոշում չէ, թե ում չցանկացան նեղացնել, որ վայրում է կայացվել, ես այդ հարցին այս պահին չեմ կարող պատասխանել, սակայն միանշանակ որոշակի կաշկանդվածություն ունի դատարանը: Չեմ կարող ասել հայկական կողմից կաշկանդվածություն ունի, թե ռուսական կողմից»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՈՒրիշ բան էիք սպասու՞մ