«Սեֆիլյանը հիմա նեղության մեջ է, մարդն անազատության մեջ է: Անկախ նրանից` մենք ինչ չափով ենք կիսում նրա քաղաքական հայացքները եւ որքանով է ընդունելի նրա պայքարի ձեւը, պետք է առնվազն նրան աջակցենք, մարդասիրական աջակցություն ցույց տանք»,-կարծում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Հունիսի 30-ին «Երկու երես» մամուլի ակումբում նա անդրադարձավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր Խորհրդարանի»-ի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը. «Կարեւոր է Սեֆիլյանի` հայրենադարձ լինելու հանգամանքը: Նրանք, ովքեր պայքարում են մեր հայրենիքի բարգավաճման համար, հարգանքի արժանի մարդիկ են, բայց ավելի հարգարժան են ազգային փոքրամասնությունները եւ հայրենադարձ հայերը: Բացի այդ, Սեֆիլյանն ինքն է ընտրել իր ճանապարհն ու օրակարգը: Մենք նրան կարող ենք աջակցել, կամ չմասնակցել նրա պայքարին: Բայց երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում… Ի՞նչ կարելի է մտածել ՀՀ արդարադատության համակարգի մասին` այն «անարդարադատություն» է: Վստահ չեմ, որ Հայաստանի դատարանն օբյեկտիվ կարող է լինել, այն անկախ չէ եւ արդարացի վճիռներ պարբերաբար չի կայացնում: Պետք է կարեկցենք, օգնենք Սեֆիլյանին, որ նա դուրս պրծնի այդ նեղությունից»:
Արշակյանի բնորոշմամբ` Սեֆիլյանն այն քաղաքական գործիչներից է, որոնց դեպքում «հարմար է գործ սարքելը». «Չի կարելի Շանթի եւ Ժիրայրի վրա գործ սարքել, ազատազրկել, դա հակամարդասիրական է: Ընդունենք, որ պատճառ եղել է, բայց պատճառը կանխեիք, որ գործը չհասներ ձերբակալության»:
Նկատառմանը, թե գուցե իշխանությունները վախեցե՞լ են Սեֆիլյանից եւ այդ պատճառով են կալանավորել, Ազատ Արշակյանն այսպես արձագանքեց. «Չեն վախենում, մի քիչ լավ կլիներ, որ վախենային: Ի՞նչ եք ուզում, հայրենադարձ տղա է, եկել է, թողեք մարդը քաղաքականությամբ զբաղվի, ի՞նչ վատ է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ