Գերմանացի ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփլը լավագույն տպավորություններով է հեռանում Հայաստանից: Հրավերի դեպքում սիրով կվերադառնա:
Կիթառահարն առաջին անգամ է մեր երկրում: Այստեղ է հունիսի 28-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում անցկացվող Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնին մասնակցելու համար:
Փառատոնի բացման համերգին ելույթ ունեցած Հյուբերթ Քեփլն այնպիսի տպավորություն ունի, որ Հայաստանում բոլորը սիրում են կիթառ. «Շատ գեղեցիկ համերգ էր, ֆանտաստիկ հանդիսատես կար»,- ասում է նա:
Փառատոնի շրջանակներում կիթառահարը հունիսի 29-ին նաև վարպետության դաս անցկացրեց Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:
Մասնակցում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և երաժշտական դպրոցների սաներ:
«Ինձ դուր եկավ նրանց պատրաստվածությունը, լավ մակարդակի վրա են: Ֆանտաստիկ տեխնիկա ունեն: Միայն թե հնչողության խնդիր կա: Դժվար է լավ հնչողություն ապահովել, երբ գործիքը լավը չէ: Երեխաներից մեկը նվագեց իմ կիթառով, տարբերությունը միանգամից երևաց: Լավ կլիներ, որ հովանավորներ գտնվեին, այս երեխաները որակյալ գործիքներ ունենային»,- ասաց գերմանացի երաժիշտը:
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան Էմմա Հովհաննիսյանն առաջին անգամ է վարպետության դասի մասնակցում. «Ուսուցչուհիս առաջարկեց: Բնականաբար, չէի կարող այդպիսի հնարավորությունը բաց թողնել: Սկզբում մի քիչ հուզվում էի, բայց հետո Հյուբերթ Քեփլն այնպես էր սխալներս ուղղում, որ հուզվածությունն անցավ: Շատ լավ է, որ հայտնի կիթառահարների վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն կա: Սիրով սպասում եմ նաև Դմիտրի Մուրինի (Ռուսաստան) և Դավիթ Դյակովի (Բուլղարիա) վարպետության դասերին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էմման:
Երկու տարի է, որ նա կիթառ է նվագում: Ուզում է ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. «Առաջին դասարանից սովորել եմ երաժշտական դպրոցում: Սկզբում դաշնամուր էի նվագում, հետո ուզեցի վոկալիստ դառնալ, երկու տարի առաջ էլ որոշեցի, որ կիթառ եմ նվագելու: Սա վերջնական որոշում է, որովհետև տարված եմ այդ գործիքով»,- նշեց մեր զրուցակիցը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ