Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձից պահումները կփոխվեն. հարկային նոր օրենսգրքի նորամուծությունները

Հունիս 30,2016 14:28

«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը նշեց. «Հայաստանում հարկային օրենսգիրք ընդունվում է առաջին անգամ:

Այն համապարփակ կերպով ներառում է բոլոր հարկային հարաբերությունները կարգավորող համարյա լրիվ դրույթները, խաղի կանոնները, որոնք այս պահին մինչև հարկային օրենսգրքի ընդունվելը արտացոլված են եղել տարբեր իրավական ակտերում»:

Անդրադառնալով թերություններին` նա նշեց. «Եկամտային հարկի դրույքաչափը պրոգրեսիվ բարձրացվել է: Այս պարագայում պետք է հասկանալ, թե դա ինչ ռեակցիա է առաջացնելու հանրության շրջանում, լրիվ թերհայտարարագրում է գնալու: Միանշանակ ստվերն ավելանալու է»: Պարոն Համբարձումյանի կանխատեսմամբ` միջին խավի հարկային բեռն ավելանալու է:

Նոր հարկային օրենսգրքով փոխվելու է նաև աշխատավարձից պահումները: Պարոն Համբարձումյանի տեղեկացմամբ` մինչև 120.000 դրամ աշխատավարձի դեպքում, եթե նախկինում 24,4 տոկոս էր պահվելու, ապա այժմ` 23 տոկոս, մինչև 2 միլիոն դրամի դեպքում 26 տոկոսի փոխարեն պահվելու է 28 տոկոս, 2 միլիոնից ավելի աշխատավարձի դեպքում 36 տոկոսի փոխարեն 33 տոկոս է պահվելու:

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ Արմեն Եսոյանը, անդրադառնալով Հարկային օրենսգրքի ընդունման` հարկ վճարողների վրա ունեցած ազդեցությանը, ասաց. «Գոնե պետությունն, ընդունելով իրավական այդ ակտը, ցույց կտա, որ հարկ վճարողի համար նորմալ բարենպաստ միջավայր է ստեղծված: Բայց հետագայում ունենալու ենք տեխնիկական խնդիրներ»:

Հարկային բեռի նվազեցման կամ ավելացման տեսանկյունից պարոն Եսոյանը նկատեց. «Նախագծում ամրագրված է շուրջ 19 հարկերի և պարտադիր վճարների տեսակներ: Մեր մոտեցումն այնպիսին է, որ հարկերի ու պարտադիր վճարների տեսակները պիտի նվազեն. դրանք պետք է տասնյակի չհասնեն»:

Արմեն Եսոյանը, սակայն, լուրջ մտահոգություններ ունի, թե ինչո՞ւ հարկային օրենսգրքի նախագծում և հետագայում օրենքում ամրագրված պիտի լինի հարկային մարմնի ծառայողի` զենք կրելու իրավունք: Պարոն Եսոյանը դրա կարևորությունը չի տեսնում:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն առայժմ այս փաստաթղթի շուրջ համաձայնություն չի տեսնում. «Սա ոչ միայն ֆինանսական, պետություն-հարկատու հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է, այլև քաղաքական փաստաթուղթ է, քանի որ այն պետք է կոնսենսուսի արդյունքում ընդունվի: Բայց դա չկա, ու եթե դրան հավելենք նաև իշխող հանրապետականի որոշ ներկայացուցիչների բավականաչափ հետաքրքիր արձագանքը փաստաթղթի հիմնական դրույթների վերաբերյալ, հետևաբար առաջիկա քննարկումները պետք է դառնան որոշակի ներդաշնակեցման ժամանակահատված: Եթե դա չստացվեց, կունենանք մի փաստաթուղթ, որը կշեղվի հարկատուների և հասարակության սոցիալական ակնկալիքները, ու հարկային օրենսդրությունը չի աշխատի»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930