Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի հանդիսանում բանակցությունների առարկա։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Հաջիևն ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, իսկ ՄԱԿ-ի թիվ 822, 853, 874 և 884 որոշումները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժան մասն է։
Հաջիևի խոսքերով. «Ադրբեջանի կազմից դուրս ԼՂ կարգավիճակի որևէ տարբերակ չի հանդիսանում բանակցությունների քննարկման առարկա, թեև այդ փաստն անուղղակիորեն ընդունում է նաև ՀՀ ԱԳ նախարարը»։