Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին և Թուրքիայում հանգստանալ ցանկացող ռուս զբոսաշրջիկների այցելությունների վերականգնմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով ռուս զբոսաշրջիկների անվտանգության ապահովման խնդրին՝ դիվանագետն ասել է. «Որքան հասկանում եմ՝ թուրքական կողմը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի ապահովի մեր զբոսաշրջիկների անվտանգությունը։ Եթե դուք նայեք ահաբեկչությունների աշխարհագրական տվյալներին, կտեսնեք, որ այն շրջաններում, որտեղ հաճախում են մեր զբոսաշրջիկները՝ Անթալիայի շրջանը, ոչ մի ահաբեկչություն տեղի չի ունեցել»։