Այսօր Երեւանում օդի ջերմաստիճանը լինելու է 38 աստիճան. սա այս ամսվա ընթացքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հուլիս ամսին հանրապետության տարբեր տարածքներում, ինչպես ասաց Սուրենյանը, կունենանք տարբեր նկարագիր, այսինքն` մեր հանրապետության մի հատվածում տեղումները կլինեն առատ, մեկ այլ հատվածում՝ նորմայից պակաս:
Սուրենյանի ներկայացմամբ՝ Սյունիքի մարզում տեղումները կլինեն նորմայից պակաս, իսկ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում եւ Երեւանում տեղումները կլինեն նորմայի սահմաններում: Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնում, Գեղարքունիքում եւ Կոտայքում տեղումները կլինեն նորմայից ավելի: Օդի ջերմաստիճանը, ըստ Սուրենյանի, կլինի նորմայի սահմաններում դրական շեղումով:
«Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալն ասաց, որ հուլիսի 2-րդ եւ 3-րդ տասնօրյակում առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 39 աստիճան:
Կարդացեք նաև
Այսօրվա ամենաբարձր ջերմաստիճանի մասին «գույժն» հայտարարելուց հետո, Սուրենյանը նաեւ մխիթարող կանխատեսում էլ ներկայացրեց. «Երեւանում վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը մինչեւ հուլիսի 5-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Վաղը կլինի՝ 36 աստիճան, հուլիսի 2-ին՝ մինչեւ 35 աստիճան, հուլիսի 3-ին՝ 34 աստիճան, հուլիսի 4-ին՝ 33 աստիճան, եւ հուլիսի 5ին՝ 30-31 աստիճան: Սա պայմանավորված է Հյուսիս-արեւմուտքից եկող սառը օդային հոսանքների ներթափանցմամբ»:
Թե ինչպիսին կլինի օգոստոս ամիսը, Սուրենյանը դժվարացավ ասել, այդ ամսվա կանխատեսումները դեռ չկան:
Aravot.am-ի այն հարցին՝ Արթիկում տեղացած առատ տեղումները, ջրհեղեղն արդյոք կանխատեսվա՞ծ չէր, կառավարությունն այդ մասին տեղեկացվա՞ծ էր, որ նման տեղումներ են սպասվում, պարոն Սուրենյանն ասաց. «Այդ օրը կանխատեսված էր, որ հզոր ցիկլոն էր սպասվում, բայց որ կոնկրետ այդ հատվածում կլինի, անհնար է կանխագուշակել, քանի որ նման լոկալ երեւույթներն անկանխատեսելի են: Հնարավոր չէ կանխատեսել, որ այս ինչ գյուղի տարածքի այսինչ հատվածում կարող է տեղալ կարկուտ եւ մեծ քանակությամբ անձրեւ: Դրանք հատկապես տարվա այս սեզոնին, շատ լոկալ երեւույթներ են: Հնարավոր է ասել, որ այսինչ մարզի տարածքում կլինի նման բան, բայց տեղայնացնել՝ անհնար է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ