Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին և դրանց նպատակներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նախագահ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահական նստավայրի աշխատակիցների առջև։ Անդրադառնալով այդ երկրում ահաբեկչության աճին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ապրում է ծանր ժամանակահատված, որովհետև դարձել է ահաբեկչական խմբավորումների թիրախը։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ իր երկրին հաջողվելու է չեզոքացնել բոլոր ահաբեկիչների և ահաբեկչական խմբավորումներին։ Թուրքիայի նախագահն ասել է նաև, որ նրանց երբևէ չի հաջողվի մասնատել Թուրքիան. «Մեր հայրենիքը երբեք չեն կարող մասնատել։ Այս հայրենիքի հողերը, նույնիսկ մի կտորը, որը ներծծվել է մեր զոհերի արյամբ չենք տա, չենք հանձնի։ Չենք տա և չենք կարող տալ, մենք այդ իրավունքը չունենք»։