«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» կալանավորված է Հովիկ Պետրոսյան անուն-ազգանունով մեկը:
Խոսքը գեղարվեստի ակադեմիա ընդունված, սակայն հետագայում հանգամանքների բերումով մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետն ավարտած Հովհաննեսի մասին է:
Գործընկերս «Նկարչությունն ու գեղարվեստը շոու են դարձել» հրապարակմամբ անդրադարձել է նրան ու նրա անհատական ցուցահանդեսին:
2 տարի առաջ ապրիլի 15-ից մինչև 30-ը «Արթբրիջ» գրախանութ-սրճարանում 31-ամյա նկարչի առաջին անհատական ցուցահանդեսն էր:
Կարդացեք նաև
Նա ստեղծագործում է գեղարվեստական վիտրաժի ոճում` ռիթմիկ երաժշտության ներքո:
Հովհաննես Պետրոսյանի պաշտպանությունը կալանավորվելուց հետո ստանձնել էր Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գարեգին Մարգարյանը:
Իսկ 3 օր առաջ նրա պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արսեն Մկրտչյանը:
Մեր հետ զրույցի ժամանակ Ա. Մկրտչյանն ասաց, որ արդեն մեկ անգամ հանդիպել է իր պաշտպանյալի հետ:
«Զգում եմ, Պետրոսյան ազգանվան տակ հնչում են անուղղակի մեղադրանքներ: Մինչդեռ իմ ունեցած տեղեկություններով՝ նրա թե որպես տղամարդու, թե քաղաքացու կերպարը գործով ներգրավվածներից պակաս չէ: Ես չեմ ուզում իմ պաշտպանյալի հարցը թողած՝ սկսեմ նրա բարի համբավը վերականգնելու գործընթացներ»,-ասում է Ա. Մկրտչյանը:
Ա. Մկրտչյանն ասաց նաեւ, որ կալանքի հետ կապված իր պաշտպանյալը արտոնյալ ոչինչ չունի, նա պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Ի դեպ, Հ. Պետրոսյանը ծառայել է Արցախում, ծառայությունից հետո ձեռք բերել հիվանդություն: Խնամքին ունի թոշակառու մայր, երկու տարեկան երեխա:
Նա քույր- եղբայր չունի: Հայրն աշխատում էր հանրային հեռուստաընկերությունում, մահացել է տարիներ առաջ:
Պաշտպանն ասաց, որ գործի նյութերին դեռ ամբողջական ծանոթ չէ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ