Հոգեբան Սամվել Խուդոյանը միայն մեկ բառ է գտնում՝ նկարագրելու համար վերջին օրերին Ազգային ժողովում պատգամավորների պահվածքը՝ «խուժանություն». «Այնտեղ, որտեղ էմոցիաներն են, տրամաբանությունը հանգում է, մահացած է։ Չկան փաստեր, փաստարկներ ռեալ, զուտ էմոցիոնալ խոսակցություններ են, որոնք, բնականաբար, բացասական են ազդում եւ վարակում մյուսներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանը։ Նրա խոսքով՝ ԱԺ-ում վերջին օրերին ջնջվել են նաեւ կին-տղամարդ էթիկական սահմանները։ Պարոն Խուդոյանի կարծիքով՝ մեր պատգամավորները տառապում են անոզոգնոզիայով. «Անոզոգնոզիան այն է, երբ անձը սեփական պրոբլեմները, հիվանդությունը չի նկատում։ Օրինակ՝ ալկոհոլիկների մեծ մասն ասում է՝ ես ալկոհոլիկ չեմ։ Նույնն էլ մեր պատգամավորները։ Նրանք չեն ընդունում իրենց անմակարդակությունը եւ այն, որ երկրի այս վիճակն իրենց արածի հետեւանքն է»։
Ասուլիսին ներկա՝ հոգեբույժ Արմեն Ներսիսյան էլ հավելեց, որ ժողովուրդը չպետք է բողոքի, քանի որ ինքն է մեղավոր։
«Մենք ենք ընտրել այդ մարդկանց։ Եթե մենք ընտրում ենք այդ որակի մարդկանց, ուրեմն մեր մեջ էլ կա այդ որակը։ Եթե արդար չենք ընտրում, մեզ համար մեկ է, թե ում ենք ընտրում, ուրեմն այս որակն ենք տեսնում ԱԺ-ում»,-նշեց նա՝ հավելելով, որ պատգամավորներին պետք է ասել, որ մենք չենք ցանկանում նրանց տեսնել այդ պաշտոնում եւ որ ամաչում ենք նրանց պահվածքի համար։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ