Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանայվել է հարկային մարմնի կողմից ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության համակարգը

Հունիս 30,2016 12:34

Ընդլայնվել է ռիսկերի հայտնաբերման շրջանակը և բարձրացել արդյունավետությունը. հաստատվել է 72 չափորոշիչ` նախկին 52-ի փոխարեն

Հարկային ստուգումների պլանավորում և ռիսկերի վերլուծություն ու գնահատում իրականացնող Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության առջև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը հստակ պահանջ է դրել՝ ապահովել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության գործընթացի արդյունավետությունը, այն է՝ հարկերի թերհայտարարագրման տեսանկյունից առավել ռիսկային հարկ վճարողների հայտնաբերում և թիրախային ստուգումների իրականացում՝ հարկ վճարողների գործունեությանը նվազագույն միջամտություն ապահովելով: Հարկային ստուգումների ռիսկերի գնահատման և վերլուծության բաժնի պետ Հակոբ Բարսեղյանի խոսքով` այդ առումով առավել կարևորվում է ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության (ՌՉՍ) համակարգի դերը, քանի որ հենց վերջինիս միջոցով են ընտրվում հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրի սուբյեկտները: ՊԵԿ նախագահի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը:

Այս տարվա` 2016-ի հուլիսի 1-ից մինչև 2017-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի տարեկան ցանկում ընդգրկված է 1 577 տնտեսվարող: Ըստ Հակոբ Բարսեղյանի, չնայած «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված են ստուգումներ իրականացնելու նաև այլ հիմքեր, (օրինակ, հարկ վճարողների դիմումի հիման վրա կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում), սակայն հենց ստուգումների տարեկան ծրագրին է բաժին ընկնում իրականացվող ամբողջական ստուգումների հիմնական մասը, ինչպես նաև ապահովում մի կողմից` լիարժեք պլանավորված գործողություններ հարկային մարմնի և մյուս կողմից` կանխատեսելի միջավայր հարկ վճարողների համար: Հարկային մարմնի կողմից ներդրված ՌՉՍ համակարգի որակի և արդյունավետության լավագույն ցուցիչը հենց այդ ծրագրի միջոցով ընտրված հարկ վճարողների մոտ ստուգումների արդյունքն է, ինչը սահմանված պարբերականությամբ վերլուծվում և համադրվում է համակարգի կողմից գնահատված ռիսկայնության միավորների հետ: Մոնիթորինգային աշխատանքների արդյունքում էլ հնարավոր է լինում հայտնաբերել «չաշխատող» չափորոշիչները: ՀՀ կառավարության որոշմամբ հանձնարարվել է կատարելագործել ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության համակարգը:

Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը մշակել և ներդրել է ռիսկային նոր չափորոշիչներ` պայմանավորված 2016-2017թթ. ստուգումների ծրագիրն արդեն բարելավված չափորոշիչներով գործարկելու անհրաժեշտությամբ: «Արդյունքում հաստատվել է 72 չափորոշիչ` նախկին 52-ի փոխարեն, որոնցից 27-ը` նոր: Ավելի քան 50%-ով ավելացվել են հատկապես ԱԱՀ-ի և շահութահարկի գնահատման չափորոշիչները՝ նպատակ ունենալով ընդլայնել դրանց գծով ռիսկերի հայտնաբերման շրջանակը և հնարավորությունները»,-տեղեկացրել է Հակոբ Բարսեղյանը: Միաժամանակ վերանայվել է ոլորտային ռիսկերի շրջանակը՝ ներդնելով ռիսկայնության քառաստիճան գնահատման համակարգ՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների: Ռիսկային չափորոշիչներ են սահմանվել ոչ միայն գնահատվող հաշվարկում ներառված տեղեկությունների, այլև այլ հաշվարկների, հարկային հաշիվների, ՀԴՄ տվյալների և մաքսային տվյալների համադրումների հիման վրա:

Վերանայվել են գրեթե բոլոր չափորոշիչների կշիռներն ու դրանց հետ կապված ռիսկի առավելագույն միավորները, ինչպես նաև առանձին չափորոշիչների համար սահմանված միջակայքերն ու դրանց ընդգրկման ժամանակահատվածները: Շտկվել և գործող հաշվարկների ձևերին են համապատասխանեցվել համակարգում առկա ալգորիթմերը: Ցանկի ձևավորման որակի բարձրացման գործընթացը շարունակական բնույթ է կրում: Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ առկա ցանկի գործարկումից հետո համակարգը կրկին կվերանայվի` հավաքագրելով ծրագրային փոփոխությունների բոլոր առաջարկները: ՌՉՍ համակարգի ռիսկայնության «չաշխատող» չափորոշիչների հայտնաբերման հիմք են հանդիսանում հարկ վճարողի ստուգման և ռիսկայնության գնահատականի համադրման արդյունքները, ինչպես նաև ստուգող ստորաբաժանումներից ստացվող ազդակները: Միաժամանակ, ՊԵԿ-ի որդեգրած՝ ռիսկերի ճշգրիտ գնահատման արդյունքում, ստուգումների քանակի նվազեցման և արդյունավետության բարձրացման քաղաքականությունը պարտավորեցնում է համակարգը շարունակաբար կատարելագործել ու արդիականացնել:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930