Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: ԱԱԾ շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել

Հունիս 30,2016 12:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. մայիսի 20-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը:

Հիշեցնենք, որ Կ. Քյուփելյանը 2007 թ. նոյեմբերի 1-ին ժամը 18:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Է. Ն.-ի., Հ. Մ.-ի և ՀՀ ԱԱԾ ևս մեկ աշխատակցի կողմից իր ավտոմեքենայով բերման էր ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, ուր տեղափոխվել էր 19:00-ի սահմաններում: Կ. Քյուփելյանը ՀՀ ԱԱԾ վարչական շենք տեղափոխվելուց հետո շուրջ մեկ օր՝ մինչև 2007 թ. նոյեմբերի 2-ը, 17:00-ի սահմանները, պահվել էր այնտեղ: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ԱԱԾ աշխատակից Հ.Մ.-ին, իսկ Է. Ն.-ի և Տ. Ա.-ի մասով կայացվել էր քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում, որն էլ բողոքարկվել էր նախ ՀՀ Գլխավոր դատախազություն, ապա՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը, քննության առնելով տուժող Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի՝ 2015 թ. հոկտեմբերի 19-ի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ, 2016 թ. մարտի 23-ին մերժել էր այն:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2016 թ. մայիսի 20-ի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որով նշվել է, որ և քննիչ Ա. Օհանյանի, և դատարանի որոշումները հիմնավոր չեն և հակասում են գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցներին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանին հարցադրումներ հղելով այն մասին, թե արդյոք տուժող Կ. Քյուփելյանի ցուցմունքները կարող էին վարույթն իրականացնող մարմնի կողմից ոչ արժանահավատ դիտարկվել միայն այն հիմքով, որ վերջինս գործով շահագրգիռ անձ է հանդիսանում և արդյոք նախաքննության ընթացքում ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930