Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես երեկ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ «Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ կհանձնարարի կառավարությանը բանակցություններ սկսել համապատասխան թուրքական գերատեսչությունների հետ՝ առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար»։ Առաջին քայլն էլ արդեն արվել է՝ հաղորդվել է, որ վերացվելու են Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության հարցում գործող սահմանափակումները։
Սա նշանակում է, որ շատ շուտով Ռուսաստանը կվերացնի նաև սահմանափակումները։ Այսինքն, թուրքական պոմիդորն արդեն հայկական ձևանալու կարիք չի ունենա և անմիջապես կուղևորվի Ռուսաստան։ Սա էլ իր հերթին՝ նշանակում է, որ, եթե «չար լեզուները» ճիշտ են, ու իրականում Ռուսաստան է արտահանվել թուրքական լոլիկ, ապա հաջորդ տարի լոլիկի արտահանումը նվազելու է այնքանով, որքանով ավելացել է այս տարի։
Ռուս-թուրքական մերձեցման երկրորդ փուլը հիասթափեցնելու է ոչ միայն ռուս-թուրքական հարաբերությունների վատացմամբ ոգևորված գործիչներին, այլև՝ լոլիկի «թրաֆիկինգով» զբաղվող գործարարներին։
Սակայն բարդանալու է նաև Գյուղնախարարության գործը, քանի որ չափազանց դժվար է լինելու հիմնավորել լոլիկի արտահանման շեշտակի անկումը։ Առավել ևս, որ ջերմոցային տնտեսությունը, ըստ նախարարության, ոչ թե պասիվանում է, այլ հակառակը՝ կառուցվում են նոր արդիական ջերմոցներ։ Կրկնում ենք՝ եթե չար լեզուները ճիշտ են։
Կարդացեք նաև
Իսկ լոլիկի այս խուճուճ պատմությունն իրականում ոչ թե գյուղնախարարության թեման է, այլ ավելի խորը՝ համակարգային խնդիր։ Եթե Հայաստանում մարդիկ լիովին իրատեսական են համարում, որ Թուրքիայից Հայաստան կարող է մի քանի հազար տոննա լոլիկ աննկատ մտնել, դա խոսում է մաքսային համակարգի նկատմամբ վստահության գրեթե զրոյական մակարդակի մասին։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում