Հունիսի 29-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ֆիլիպ Դամին:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի դեմ պայքարի գործում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի դերին առնչվող հարցը: Կարեւորվել են մոնիտորինգային այցերը քրեակատարողական հիմնարկներ, ինչպես նաեւ ազատությունից զրկման այլ վայրեր:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ լրատվության միջոցների հետ համագործակցության, նրանց գործունեությունը խթանելու կարեւորությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, մասնավորապես՝ միասնական օրենսդրության ընդունման, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Կողմերը պայմանավորվել են այսուհետ իրականացնել ակտիվ համագործակցություն՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ