«Առավոտի» տեղեկություններով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի (լուսանկարում) որդու՝ Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել: Մեր տեղեկություններով՝ պաշտոնանկությունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը` բնակարան, հողակտոր, մի քանի ավտոմեքենա: Վեդեցիների պնդմամբ՝ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել շքեղ կամ ցոփ ապրելակերպով:
Աչք շոյող միակ բանը, որը մատնանշում են տեղացիները, Մուրադյանի երեխաների ոչ սովորական ավտոմեքենաներն են: Ի՞նչ պատճառով է Մուրադյանը վաճառքի հանել իր ունեցվածքը` Հայաստանից հեռանալո՞ւ, թե՞ պետությանը պատճառած վնասը վերականգնելու՝ հայտնի չէ, բայց գողերը, փաստորեն, հասկացել են, որ այդ բնակարանից ձեռնունայն դուրս չեն գա:
«Առավոտին» չհաջողվեց ճշտել գողոնի չափը: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ասացին, որ Վեդիում նման բնակարանային գողության դեպք իրենց մոտ արձանագրված չէ: Սակայն ոստիկանության Վեդու վարչությունում քրեական գործ է հարուցվել:
Տեղացիները խոսում են գողոնի տարբեր` հիմնականում բավական մեծ չափերի մասին: Ի դեպ, վեդեցիները դժգոհում են, որ վերջին շրջանում քաղաքում բնակարանային գողությունները շատացել են: