Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլանդիայի հաջողության «գաղտնիքը»

Հունիս 30,2016 10:00

Ես Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը ուշադիր չեմ հետեւում` ցավոք, ժամանակ չունեմ: Բայց շատ հայերի նման երկրպագում եմ Իսլանդիայի հավաքականին: Ինչո՞ւ ենք մենք սիրում իսլանդացիներին: Հավանաբար, այն պատճառով, որ նրանք կարողացել են հաղթահարել փոքր ազգի բարդույթները, որ ամբողջությամբ պահպանելով սեփական ազգային ինքնությունը՝ դարձել են կատարյալ եվրոպացի:

Ընդունված չափանիշներով նրանց ֆուտբոլային հավաքականը «կլասով» ավելի ցածր է, քան առաջնության շատ ու շատ թիմեր, նրանք, որքան հասկանում եմ, չունեն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի խաղացող: Հապա ինչի՞ շնորհիվ են իսլանդացիները հաջողության հասնում: Իրականում այստեղ մեծ գաղտնիք չկա` բարձր կազմակերպվածության, կարգապահության, մտածված մարտավարության, թիմային ոգու, արժանապատվության, ամեն պահի, ամեն հանգամանքում կռիվ տալու պատրաստակամության: Դժվար թե այդ թիմը Եվրոպայի չեմպիոն դառնա, բայց որ ստիպել է ողջ աշխարհին հարգել իրեն՝ դա հաստատ է:

Հայերի համար իսլանդացիների կեցվածքը շատ բանով օրինակելի է: Մենք, իհարկե, պակաս քաջ չենք, քան իսլանդացիները, բայց հաստատ պակաս կազմակերպված ենք, պակաս կարգապահ ենք, էլ մտածված մարտավարության եւ թիմային ոգու մասին չասեմ: Առնվազն մեկուկես դար մեր մտավորականները, որպես կանոն, ժողովրդին կողմնորոշում են ոչ թե այդ հատկությունները զարգացնելու, այլ մի տեսակ «հուսահատ հերոսության», անհատական «դրիբլինգի», Սասունցի Դավթի առասպելական ուժի ուղղությամբ: Թերեւս դա է պատճառը, որ մեզնում տաղանդները շատ են, իսկ թիմեր չկան, կուսակցապետերը շատ են, բայց կուսակցություններ չկան, մեր դպրոցականները հաղթում են տարբեր տեսակի միջազգային առարկայական օլիմպիադաներում, բայց մեր «միջին թվաբանական» դպրոցն իր որակով էապես զիջում է, ասենք, նույն իսլանդական «միջին թվաբանական» դպրոցին:

Մեզ պետք են ոչ թե առանձին «փայլատակումներ» ընդհանուր խեղճության ֆոնին: Մեզ պետք է այդ ֆոնի վերացում, դրա փոխարինումը թեկուզ ինչ-որ չափով ստանդարտ, ոչ թե «լավագույն», ոչ թե «հնագույն», ոչ «առանձնահատուկ», այլ միջին եվրոպական մակարդակի, «կազմակերպված» ֆոնով: Ֆուտբոլային լեզվով ասած՝ մենք հաճախ ենք չարաշահում անհատական խաղը եւ կորցնում գնդակը, նաեւ մեր խաղադաշտում: Իսկ նման խաղը, ինչպես հայտնի է, վտանգում է սեփական դարպասը:

…Երբ իսլանդացի երկրպագուները ծափ են տալիս եւ բարձրաձայն արտաշնչում են, մեզ վրա, կարծես, փչում է Հյուսիսային-Սառուցյալ օվկիանոսի քամին:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանո says:

    Այո, ես անպայման կարդում եմ Ձեզ և ամեն անգամ զարմանում՝ հնարավորինս քիչ բառերով՝ լիքը ասելիք….
    ….իսկ երբ իսլանդացի երկրպագուները ծափ են տալիս եւ բարձրաձայն արտաշնչում են……ես մտածում եմ ինչքան քիչ բան է պետք ՀԱՂԹԱՆԱԿ ունենալու համար….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930