Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք խաղաղ կարգավորման առաջընթացի հույս ունենք

Հունիս 30,2016 15:30

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ

– Պարոն դեսպան, վերջերս պետական այցով Հայաստան այցելեց Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, որի այցի ժամանակ տեղի ունեցան հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախագահի այցի ընթացքում, ի՞նչ արդյունքներ է ակնկալվում չեխական կողմից:

– Նախագահ Միլոշ Զեմանի այցելության հիմնական նպատակն էր ընդլայնել երկկողմ տնտեսական հարաբերությունները: Այս առումով ոչ մի նոր երկկողմ համաձայնագրեր չեն ակնկալվում, քանի որ առեւտրի եւ ներդրումների իրավական շրջանակը եւ պայմանները դրա զարգացման համար պատրաստված են՝ բացառությամբ Ներդրումների խթանման եւ պաշտպանության համաձայնագրի, որի դրույթները քննարկվում են Հայաստան-ԵՄ ավելի ընդհանուր համաձայնագրի շրջանակներում: Այս պահին մենք կարիք ունենք հորդորելու ե՛ւ չեխ, ե՛ւ հայ գործարարներին ստեղծել նոր կապեր կամ խորացնել արդեն ստեղծված կապերը: Եվ սա էր նախագահ Զեմանի նպատակը, որի հետ չեխ ձեռներեցների մի մեծ խումբ էր ժամանել, որոնք նախագահ Սարգսյանի հետ մասնակցեցին Երեւանում տեղի ունեցած բիզնես ֆորումին:

– Նախագահ Զեմանը Երեւանում հայտարարեց, որ մտադիր է իր երկիր վերադառնալուց հետո դիմել խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Ի՞նչ եք կարծում՝ Գերմանիայի Բունդեսթագի կայացրած որոշումը կդառնա՞ օրինակ այլ երկրների համար։ Եվ հաջորդը՝ Գերմանիան հանդես է գալիս Հայաստան-Թուրքիա երկխոսության կայացման օգտին, Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն այս փուլում:

– Նախագահ Զեմանի կոչը արդեն իսկ ուղղված է Չեխիայի պառլամենտի պատգամավորների պալատին, նախագահ Զեմանը վերջերս քննարկեց այդ հարցը պատգամավորների պալատի նախագահ՝ պարոն Համաչեկի հետ։ Ակնկալվում է, որ այն շուտով կհայտնվի պալատի օրակարգում: Կարծում եմ՝ չեխ պատգամավորները, ի թվիս այլոց, հաշվի կառնեն վերջերս չեխական ԶԼՄ-ներում տեղ գտած հարցումը, որտեղ հարցվածների 96 տոկոսից ավելին պահանջում է պատգամավորների պալատին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւը, իհարկե՛, ազդեցություն կունենա այլ պետությունների հաստատությունների վրա՝ 1915 թվականի ողբերգական դեպքերին գնահատական տալու հարցում՝ ոչ միայն Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական կարեւորության պատճառով, այլ նաեւ ճանաչելու իրենց դերը եւ մեղսակցությունը հայ ժողովրդի «գողգոթայում»:

Միայն Գերմանիան չէ Հայաստանին եւ Թուրքիային կոչ անում երկխոսել: Համարձակվում եմ ասել, որ բոլոր եվրոպական երկրները, միգուցե մեկ բացառությամբ, անկեղծորեն ցանկանում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տեսնել ճշգրիտ եւ բարեկամական հարաբերություններ: Արդյոք այսօրվա իրավիճակում դա հնարավո՞ր է, թե՞ ոչ՝ պետք է հարցնել ոչ թե ինձ, այլ երկու երկրների առաջնորդներին եւ քաղաքացիներին:

– Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարում կա, Թուրքիան աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում, ի՞նչ եք կարծում՝ այս գործոնները խոչընդո՞տ են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար:

– Թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ի թիվս այլ գործոնների, արդեն ազդել են 2009 թվականին հայ-թուրքական բանակցությունների արդյունքի եւ Ցյուրիխյան արձանագրությունների ճակատագրի վրա: Այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հայտարարեց, որ Թուրքիայի կողմից վավերացումը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումից: Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի դիրքորոշման մեջ ես որեւէ փոփոխություն չեմ արձանագրում: Տարածաշրջանային իրավիճակը ակնհայտորեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում խաղում է իր դերը եւ կշարունակի խաղալ:

– Պարոն դեսպան, կցանկանայինք գնահատեիք հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Վերջին տարիներին հայ-չեխական մի քանի գործարար համաժողովներ են կայացել, ինչը վկայում է երկուստեք առկա հետաքրքրվածության մասին: Տնտեսական, արդյունաբերության, առեւտրի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններից Չեխիան ու Հայաստանն ըստ արժանվույն օգտվո՞ւմ են:

– Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ե՛ւ նախագահ Զեմանը, ե՛ւ նախագահ Սարգսյանը նշեցին, որ տնտեսական համագործակցության մեջ մեր ներուժն ամբողջությամբ օգտագործված չէ: Այս ենթադրությունը մի կողմից՝ ճիշտ է, որովհետեւ Հայաստանի արտահանման առաջարկը, չնայած բարենպաստ պայմաններին եւ զրոյական մաքսային սակագներին՝ ստեղծված GSP+ սխեմայի շնորհիվ, շատ մեծ չէ: Մյուս կողմից՝ չեխ արտահանողները հիմնականում հիմնվում են տեխնոլոգիաների եւ արդյունաբերական միջոցների վրա՝ բացառությամբ էներգետիկ ոլորտի՝ պայմանավորված Հայաստանի արդյունաբերական արտադրանքով, նրանք որոշ դժվարություններով են գտնում իրենց սպառողներին: Մենք հուսով ենք, որ ապամենաշնորհումը եւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը կբերեն տնտեսական ակտիվության, կավելանան արտադրությունը եւ Հայաստանից արտահանումը, եւ նաեւ կաճի արդյունաբերական ապրանքների պահանջարկը:

– Հայ-չեխական համագործակցությունը ո՞ր մակարդակում է ռազմական եւ անվտանգության ոլորտում: Չեխիան ավանդաբար հայտնի է եղել իր պաշտպանական արդյունաբերությամբ, Հայաստանը նույնպես մեծ փորձ ունի պաշտպանական նշանակության արտադրության մեջ: Հայ-չեխական հարաբերությունների օրակարգում ի՞նչ տեղ է զբաղեցնում համագործակցությունը այդ ոլորտներում:

– Երկու երկրների պաշտպանության նախարարությունները 2010 թվականին ռազմական համագործակցության համաձայնագիր են ընդունել, ինչը հանգեցնում է հատկապես կրթական եւ տեղեկատվական փոխանակմանը: ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության շրջանակներում կա ինտենսիվ համագործակցություն, օրինակ՝ գիտական նախագծերի իրականացման հարցում: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անցած տարի հոկտեմբերին այցելեց Չեխիայի Հանրապետություն, ակնկալվում է, որ իր պաշտոնակից չեխ նախարար Մարտին Ստրոպնիցկին այս տարի ավելի ուշ կայցելի Երեւան:
Այս շփումները ստեղծել են հնարավորություն ստորագրելու ռազմատեխնիկական համագործակցության մասին մեկ այլ համաձայնագիր, ինչը ներկայումս բանակցությունների գործընթացում է: Բայց մենք պետք է ազնիվ լինենք եւ տեղ չտանք անհիմն հույսերին կամ մտահոգություններին. Չեխիայի Հանրապետությունը, ինչպես ԵԱՀԿ անդամ երկրների ճնշող մեծամասնությունը, լիովին հավատարիմ է 1992 թվականի ԵԱՀԿ-ի կոչին՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերին սպառազինություն չմատակարարել:

Ցավոք սրտի, ոչ բոլոր ԵԱՀԿ անդամ երկրներն են նույն կերպ վարվում՝ դրանով իսկ թույլ տալով բռնության եւ մարդկային կորուստների էսկալացիա Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջան շփման գծում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Վստահեցումը, թե «այլ պետությունները» կոնֆլիկտի կողմերին սպառազինություն կմատակարարեն կամ «պարզապես բիզնես է», դա միայն արդարացնում է հակամարտության թեժ փուլը հրահրելը:

– Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, սակայն մեր երկիրը ԵՄ-ի հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Ձեր կարծիքով՝ Հայաստանին հաջողվո՞ւմ է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ բալանսավորված քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով հարաբերություններում առկա ճգնաժամը:

– Եվրոպական միությունը, սկսած 1999 թվականի՝ ԵՄ-Հայաստան գործընկերության եւ համագործակցության համաձայնագրից, առաջարկում է Երեւանին համագործակցության ամբողջական փաթեթ, որի նպատակն է քաղաքական կայունությունը, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ Հայաստանի տնտեսության բարգավաճումը: Այս համագործակցության իրավական շրջանակներում ընթացող բանակցությունները այդ առաջարկի մասն են: Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ առեւտրի պայմաններն արդեն միակողմանիորեն բարելավվել են հայկական արտահանումների համար ԵՄ-ի GSP+ սխեմայի կողմից, ինչը թույլ է տալիս հայկական ապրանքների ճնշող մեծամասնությանը զրոյական մաքսային պարտականությամբ մուտք գործել եվրոպական շուկա:

Սա մեր առաջարկն է եւ իմ կարծիքով՝ բավական բարյացակամ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական ապրանքները հայկական շուկա են մտնում Եվրասիական տնտեսական միության բարձր, պրոտեկցիոնիստական սակագներով: Թե ինչպես այս հնարավորությունը, ինչպես նաեւ այլ ոլորտներում հնարավորությունները կօգտագործվեն՝ կախված կլինի Հայաստանի ղեկավարությունից:

Եվ արդյոք Հայաստանը վարում է եւ կվարի՞ բալանսավորված քաղաքականություն՝ ավելի լավ կլինի հարցնել Հայաստանի կառավարությանը՝ իրենց դիրքորոշման մասին եւ Կրեմլին՝ իրենց տրամադրության մասին։

– Հայաստանի իշխանությունները հաճախ են խոսում այն մասին, թե Հայաստանը կարող է կապող կամուրջ դառնալ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների Մաքսային միության հետ, մյուս կողմից՝ ունենալով առեւտրի արտոնյալ պայմաններ ԵՄ անդամ երկրների հետ: Տեսնո՞ւմ եք նման հնարավորությունների կիրառում:

– Առաջին հայացքից այս հնարավորությունը շատ գրավիչ է: Սակայն, օրինակ՝ ապրանքների վաճառքի համար, նույնիսկ GSP+-ի արտոնյալ ռեժիմը իր սահմանաչափն ունի: Ապրանքները, օրինակ՝ Ռուսաստանից կամ Ղազախստանից չեն կարող արտահանվել ԵՄ Հայաստանի միջոցով՝ հայկական ապրանքների նման, այսպիսով, նրանք չեն կարող ԵՄ-ի այդ արտոնյալ ռեժիմից օգտվել։ Մյուս կողմից՝ եվրոպական ապրանքները չեն կարող արտահանվել Ռուսաստան կամ Ղազախստան Հայաստանի միջոցով՝ օգտվելով Եվրասիական տնտեսական միության ապրանքների ազատ տեղաշարժից, այնուամենայնիվ՝ մաքսեր պետք է վճարվեն Հայաստանի սահմաններին:

Այսպիսով՝ ինչո՞ւ եվրոպական ապրանքները բերել Հայաստան կամ հետագայում Ղազախստան կամ Ռուսաստան՝ տրանսպորտային բարձր եւ լոգիստիկ ծախսերով, եթե այս ապրանքները կարող են Ռուսաստան եւ Ղազախստան արտահանվել Բելառուսի միջոցով կամ ուղղակիորեն Ռուսաստան՝ էական ցածր գներով:
Այլ իրավիճակ է ներդրումների ոլորտում. Հայաստանում ներդրումային ծրագիրը, որն իր արտադրությունը ԵՏՄ շուկա է հանում, կարող է հաջողակ լինել, բայց այն պետք է կրի լոգիստիկ ծախսեր: Այս անորոշությունը նշանակում է, որ ներդրողները բավականին զգուշավոր են, առնվազն այնքանով, որքան ես գիտեմ: Հուսով ենք՝ Հայաստանի իշխանությունները մեզ կտան այս իրար կապող կամուրջի գաղափարի ավելի մանրամասն տեսլականը:

– Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում թեժացավ Ղարաբաղյան կարգավորման թեման: Միջազգային հանրության ուշադրությունն այսօր այդ հակամարտության ուղղությամբ է: Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում նաեւ միջազգային հանրությանն են մեղադրում տարիներ շարունակ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վրա աչք փակելու համար, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելու ու բալանսավորված հայտարարություններ անելու համար: Ի՞նչ կասեք այս առիթով:

– Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այս հարցում կասկած չկա: Խաղաղ ճանապարհ նշանակում է՝ երկխոսություն, բանակցություն, եւ երկխոսության համար պետք է երկու կողմ ունենալ: Շփման գծից նորությունները երկու կողմում միշտ նման են՝ Հայաստանը-Լեռնային Ղարաբաղը մեղադրում են Ադրբեջանին եւ հակառակը: Շփման գծի երկայնքով եւ միջազգային սահմանով չկա իրական եւ օբյեկտիվ մոնիթորինգ, եւ միջազգային հանրությանը ներկայացվում են երկու ազգերի տարբերակները:

Երեւանում կամ Բաքվում ոչ մի դեսպանատուն չգիտի՝ որ կողմն է ճիշտ, եւ ոչ մի միջոց չունի՝ դա ստուգելու համար: Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է միջազգային հանրությունից պահանջել որեւէ կողմի դիրքորոշումն ընդունել՝ հաշվի առնելով անաչառ տեղեկատվության պակասը: Ազդեցիկ միջազգային հայտարարության կամ ռազմական գործողություն նախաձեռնելու մեղադրանքի արդյունքը կլինի մյուս կողմից որեւէ միջազգային ներգրավվածության մերժումը, ինչը կարող է խոչընդոտել որեւէ բանակցված լուծմանը եւ ավելի բարձրացնել պատերազմի ռիսկը: Հասկանում եմ Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի վրդովմունքը, քանի որ, կարծես թե, հայկական կողմերի համար հրադադարը խախտելու շարժառիթ չկա, բայց եթե ցանկանում եք ունենալ բանակցված լուծում, պետք է երկու կողմերի համար էլ բաց պահել հաղորդակցման ուղիները: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ կողմերը կարող են լիակատար ազատություն ունենալ իրենց ռազմական գործողություններում՝ կարծելով, որ ոչ ոք չի համարձակվի իրենց քննադատել: Հուսով ենք, որ հրադադարի խախտման հետաքննման մեխանիզմը, որն առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ որին անդամ երկրները աջակցել են, հնարավորինս շուտ կընդունվի եւ կիրականացվի:

– Մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը ինչպե՞ս եք գնահատում:

– Բացասական:

– Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո էականորեն մեծացավ Հայաստանի հարեւանի դերն ու ազդեցությունը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ աշխարհում: Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից ի՞նչ նշանակություն ունի այսօր Իրանը:

– Լավ է, որ Իրանը վերադարձել է միջազգային համայնք, Իրանը, իհարկե՛, նշանակալից դեր կխաղա Հարավային Կովկասում: Գնահատական տալու համար շատ շուտ է, բայց իմ համեստ կարծիքով՝ հետագա զարգացումները կախված կլինեն նրանից, թե արդյոք որքանո՞վ նա իր տնտեսական կամ ռազմավարական/ռազմական մոտեցումները կգերակայի: Մենք կարող ենք ունենալ համագործակցության կամ առճակատման սցենար Ռուսաստանի հետ, մենք կարող ենք դիտարկել նրա աճող կամքը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացում, մենք կհետեւենք տարածաշրջանում իր հաղորդակցման ուղիների զարգացմանը՝ լինեն ճանապարհները, երկաթուղին, բարձր լարման գծերը կամ խողովակաշարերը Հայաստանի կամ Ադրբեջանի միջոցով, եւ այլն… Դեռ վաղ է դատել, բայց ես մտահոգված եմ, որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանի վրա պարտադիր չէ, որ լիովին դրական լինի Հայաստանի համար:

Լուսանկարը`  Տաթեւ Մնացականյանի

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

«Առավոտ», 29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930