Լրահոս
Օրվա լրահոսը

«Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»

Հունիս 30,2016 15:00

Ռազմական ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյան՝
ՊՆ-ի չարաշահումների եւ իրեն հետապնդելու մասին

Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանն «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ բացահայտումներ արեց ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների չարաշահումների ու ապօրինությունների մասին: Նա հայտարարեց, որ ստիպված է եղել լռել այդ մասին, քանի որ եղբայրը համակարգում է աշխատել. «Ես 1.5 տարի աշխատել եմ Արմավիրի կայազորում՝ որպես քրեականի պետ: 2010-11-ին կարող եք պարզել, թե ինչ իրավիճակ է եղել Արմավիրում՝ բանակի հետ կապված: Հա, կան նաեւ անհաղթահարելի ուժեր, որ դու մի բան ուզում ես անել, քեզ շատ վերեւից միանգամից հետ են պահում, դու ոչ մի բան էլ չես կարող անել: Ես զինվորականի տղա եմ, հայրս ՊՆ նախկին գնդապետ է եղել, մենք ինչի հասել ենք ՀՀ-ում, հասել ենք մեր շնորհքի, մեր գլխի հաշվին, ոչ հարազատ դեպուտատ հորեղբայր եմ ունեցել, ոչ քավոր փոխնախարար, ոչ էլ չգիտեմ ինչ: Մեր աշխատած տարիների ընթացքում ես առաջ եմ գնացել, որովհետեւ եթե մի հիմնարկում 20 հոգի աշխատել է, բայց 3 հոգի է արձանագրություն կազմող եղել, մեկը ես եմ եղել:

Փետրվարի 25-ին ես նախարարի հրամանով նշանակվում եմ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության քրեականի պետ: Իսկ 2012-ի մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների անգործությունները բացահայտելու եւ բարձրաձայնելու պատճառով ազատվեցի պաշտոնից»:

Իսկ թե ինչ չարաշահումներ է նկատել համակարգում՝ Ոփանյանը պատմեց. «Ռազմական ոստիկանությունը ենթարկվում է ՊՆ-ին: ՊՆ մի հատ կառույցի աշխատող բացահայտում է, որ ՊՆ ներսի գումարտակում տարիներ շարունակ եղել է դրամահավաք: Կոնկրետ դեպք ասեմ՝ իմ կաբինետում DVD-ն պահարանից ընկել, կոտրվել էր: Վարչությունից ստանում ենք գրություն, որ պետք է 48 հազար փոխհատուցում արվի: Ասացի՝ նյութեր նախապատրաստեք, մի հատ մակնիշը ճշտենք, տեսնենք՝ տենդերն ո՞վ է շահել ու ինչքանո՞վ է ներկրել, որ 48 հազար դրամ արժե սա: Էնպիսի տեղերի կպա, որ իրանց գրպանին էինք կոնկրետ կպնում: Եթե ես տարածքի քրեականի պետն եմ, մի հատ DVD իմ կաբինետում ջարդվել է, ասում եմ՝ ախպեր ջան, ի՞նչ է դրա փողը, ես կփոխհատուցեմ, պետությանը վնաս եմ տվել՝ մուծում եմ դրա փողը: Պարզվեց՝ 48 հազար, երբ այդպիսի անհայտ ծագման DVD-ն Չինաստանում երեւի 1 եվրո է: Էդ DVD-ն սկի մակնիշ նորմալ չուներ, կոդ չուներ, պարզեցինք, որ սկի դրա նորը չի աշխատում, էնքան որ գույք ա բերված: Հետո պարզվեց, որ էդ գույքը մեր պետությունը առել է 132 դոլարով»:

Հարություն Ոփանյանը հիշեց նաեւ ՊՆ 14203 զորամասում ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի դեպքի հետ կապված որոշ մանրամասներ. «Այդ գործով անիմաստ տեղը բռնեցին կալանավորեցին Նյարդային բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանին: Գրություն գրեցինք, որ Մինասին անիմաստ է ձերբակալել, այսինչ բժիշկներին է պետք կալանավորել: Բայց այդ բժիշկներին ո՞նց կկալանավորեին, պարզվում է՝ բժիշկներից մեկը Սեյրան Օհանյանի եղբորորդու, այն, որը Արարատում զորամասի հրամանատար է, դրանց բարեկամն է: Այնպիսի իրավիճակ է, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Ես 2012-ի դեկտեմբերի 30-ից ինչ գործուղվել եմ Երեւան, այդ 3 ամսվա մեջ 2 օրը մեկ եմ եղել մեր տանը, միշտ հիմնարկում եմ եղել, նմանատիպ լիքը դեպքեր եմ բացահայտել: Էդ երեք ամսվա մեջ նախարարն էնքան բողոքներ է ստացել, որ սա փակեցին, էստեղ օդերը կանգնացրին: Մենք ասել ենք՝ չի կարող ատամի մածուկը կուրսանտի վրա էդքան թանկ ծախվի: Եթե այն արժե 80 դրամ, չի կարող 300 դրամ լինի: Ինձ արդեն պատճառ էին ուզում գտնել՝ հանելու: Պաշտպանության նախարարին ձեռք չէր տալիս իմ աշխատելը, որովհետեւ, կոպիտ ասած, ինքը «դավադիտ» եղավ իր մոտիկ մարդկանց բողոքներից: Իրեն օրական մի գեներալ զանգում էր, այդ թվում եւ Բաղմանյանը»:

Հարություն Ոփանյանի խոսքերով՝ մի քանի անգամ փորձել են, այսպես ասած, «գործ սարքել» իր գլխին. «Լսում եմ, որ Էջմիածնի ինչ-որ մի դեպքով գործ են հարուցել: Մի սպա է զանգում, որը նախկինում աշխատել է եղբորս հետ նույն զորամասում, ասում է՝ ինձ տարան ՌՈ, ճնշումների հիման վրա ասում են գրեմ, որ քեզ 1 տարի առաջ կաշառք եմ տվել: Սպան հրաժարվում է, ասում է՝ չեմ կարող, ու դուրս է գալիս, ինձ է զանգում: Ասեցի՝ գնա, ինչ ուզում ես արա, ես մտածելու բան չունեմ, վախենալու բան էլ չունեմ: Անցնում է 3-4 օր, սպային տանում են զինվորական դատախազություն, կոնկրետ Երեւանի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանն է լինում, 2012 հուլիսի 19-ին ստիպողաբար ցուցմունք են կորզում, իր նկատմամբ «37» են կիրառում, ասում են՝ քեզ սենց կանենք, դեպք տուր, որ իբր ես իրենից փող եմ վերցրել ու թաքցրել եմ: Դեպքը գրում են, ու այդ դատախազը մոռացել է, որ տվյալ դեպքի հսկող դատախազն անձամբ ինքն է եղել: Իրեն այդ պահին պետք է եղել ինչ-որ պատվեր կատարել, չեն իմացել ինչ անեն, որ գործով ձեւակերպեն, արագ-արագ արել են դա: Քննչականից մի հատ քննիչ են կանչել, ասել են՝ էս հայտարարության հիման վրա գործ հարուցի ու ձերբակալի: Ես մտածեցի՝ ո՞ւմ դեմ կարամ քյալլա տամ՝ Կոստանյան Գեւորգի՞, թե՞ Օհանյանի: Էսօր կա՞ ՀՀ-ում ցանկացած սպա, որ կարող է էդ երկուսի հետ քյալլա տալ: Մնայի Հայաստանում ի՞նչ անեի: Կնստեի մի 7-8 տարի, ոնց որ իմ ընկերոջ հետ է եղել, հետո կդիմեի Եվրադատարան, ինձ կարդարացնեին, դրանից հետո պարզվեր… իսկ իմ կյանքը ո՞ւմ համար կործանեմ՝ Սեյրանի՞ համար, թե՞ Գեւորգի համար: Փրկելով կյանքս՝ ես հեռացա ՀՀ-ից»:

Աշխատանքից ազատվելուց հետո Ոփանյանի դեմ մահափորձ են կիրառում. «Հուլիսի 23-ի 24-ի լույս գիշերը իմ «Մերսեդեսի» վրա կրակեցին: Մեքենայի հետեւը լրիվ ցխվել էր: Ոստիկանություն չդիմեցինք: Եղբայրս է մեքենան տարել Դավիթաշենի ավտոսերվիս, սարքել են ու ծախել մեքենան, երբ արդեն ես ՀՀ-ից դուրս եմ եղել»:
Ավստրիայում Ոփանյանի գործով զբաղվում է իրավապաշտպան հասարակական կազմակերպություն՝ իր նկատմամբ անհիմն քրեական գործ հարուցելու համար: Ոփանյանը նաեւ դիմել է ՄԻԵԴ, գործը վարույթ է ընդունվել: Ներգրավել է փաստաբանների:

Հարություն Ոփանյանը խոստացավ բացահայտումների շարքը շարունակել ու այնպիսի փաստեր, ապացույցներ, տեսագրություններ ներկայացնել, որ ՊՆ-ի 30-40 բարձրաստիճան պաշտոնյաներ լրջորեն կտուժեն դրանից. «Շղթայաբար թալանվում է, ներքեւից էլ ով խոսում է՝ կամ իմ բախտին է արժանանում, կամ դատվում է, կամ էլ ականջները կախ գնում, ինքը իրենից նսեմացած, ինքնասիրությունը ոտնահարված ապրում է: Եթե մենք էլ համակարգում մնայինք, պիտի ստրուկի նման լինեինք»:
Թե ինչու որոշեց Հարություն Ոփանյանն այսքան տարի անց խոսել՝ նա այսպես բացատրեց. «Որ լսում եմ՝ Վարազդատ Բադալյանը դատախազ է, իսկ ես ինչ-որ մի ֆիրմայում՝ իրավաբան, որ եկել եմ Ավստրիա, ինչ-որ Բադալյան Վարազդատի պատճառով այստեղ եմ, ես ինձ շատ վատ եմ զգում»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930