Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աղջիկը գնացող ա», «տղան տան սյունն ա» կարծրատիպն ազդում է աշխատաշուկայում կին-տղամարդ հավասարակշռության վրա

Հունիս 30,2016 14:30

Մեր երկրում կանայք ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ, կանայք, տղամարդկանց համեմատությամբ, ավելի երկար են աշխատանք փնտրում, անհամեմատ ավելի քիչ թվով կանայք են ձեռներեցությամբ զբաղվում, քաղաքական եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնում: Այս մասին փաստում է «Կանանց եւ տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտությունը:
Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում հազար ու մի ծրագրեր են իրականացվում գենդերային հավասարակշռության հասնելու համար, այդուհանդերձ, ինչպես զեկույցն է պարզել, մեր երկիրը ոչ միայն առաջընթաց չի գրանցում այս հարցում, դեռ մի բան էլ հետ է գնացել:

2010 թվականին «Գենդերային ճեղքվածքի մասին» համաշխարհային հաշվետվության համաձայն՝ գենդերային ճեղքվածքի ցուցանիշով Հայաստանը 134 երկրների ցանկում զբաղեցրել է 84-րդ տեղը: 2012 թվականին 135 երկրների ցանկում զբաղեցրել է 92-րդ տեղը, իսկ կանանց քաղաքական մասնակցության ցուցանիշի առումով` 114-րդ տեղը: Ուշագրավ է, որ 2013-ին այս առումով մեր երկիրը կրկին հետընթաց է արձանագրել. գենդերային ճեղքվածքով հայտնվել ենք 94-րդ տեղում, մեկ հորիզոնականով էլ կանանց մասնակցության ցուցանիշով ենք հետ գնացել` 114-ի փոխարեն զբաղեցնելով 115-րդ հորիզոնականը: 2014 թվականին մեր երկրում գենդերային ճեղքվածն ավելի է մեծացել՝ հայտնվելով 103-րդ տեղում, կանանց քաղաքական մասնակցության ցուցանիշով էլ` 123-րդ: 2015 թվականին պատկերն ավելի է վատացել: Նույն հաշվետվության համաձայն՝ Հայաստանը գենդերային ճեղքվածքի ցուցանիշով զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը:

Նշենք, որ հետազոտությունը կատարվել է Օքսֆամ եւ «Օքս ԵՋեն» հիմնադրամի «Հավասար» քարոզարշավի շրջանակներում:

Հայաստանում կանանց 32 տոկոսն է գրանցված որպես բիզնեսի սեփականատեր: Համաձայն հետազոտությունների` այս տոկոսային ցուցանիշը ոչ մի կապ չունի իրականության հետ. «Կարծես թե ընդունված է, որ տղամարդիկ իրենց ձեռնարկությունները գրանցում են իրենց կանանց կամ աղջիկների անունով՝ կամ այն պատճառով, որ իրենց անվամբ բիզնես արդեն ունեն, կամ փորձում են խուսափել մեծ տոկոսադրույքներից»,- նկատում են զեկույցի հեղինակները: Նրանց կարծիքով՝ կին գործարարներին հասանելի ֆինանսավորման հիմնադրամները նույնպես շարժառիթ են կանանց անունով գրանցելու այն բիզնեսները, որոնց սեփականատերերն իրականում տղամարդիկ են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրականում միայն 13 տոկոսն է իրական կին ձեռնարկատեր:

Չնայած կանանց եւ տղամարդկանց կրթական նվաճումները մեր երկրում հավասար են, բայց, ըստ հետազոտության հեղինակների, կանանց սեփականատիրությունը ձեռնարկություններում եւ կառավարվող պաշտոնների մասնաբաժինը տարածաշրջանի միջին ցուցանիշներից էլ ցածր են:

Համաձայն Ասիական զարգացման բանկի տվյալների՝ Հայաստանի աշխատաշուկան դրսեւորում է ուղղահայաց խտրականություն, այսինքն` բարձր պաշտոններում կանայք ավելի քիչ են ներկայացված կամ ընդհանրապես ներկայացված չեն: 2010-ից մինչեւ 2014 թվականն արված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ բոլոր տարիներին էլ գործազուրկների շրջանում կանայք գերակշռում են: Այրի կանանց շրջանում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2013-ին:
Նույն հետազոտության արդյունքների համաձայն՝ տղամարդիկ ավելի հաճախ, քան կանայք, որպես գործազրկության պատճառ նշել են, որ չեն կարողանում գտնել իրենց հարմար աշխատավարձով աշխատանք: Բոլոր տարիքային խմբերի գործազուրկ կանայք էլ նշել են, որ չեն աշխատում, որովհետեւ ունեն տնային գործեր եւ երեխաներ: Բացի այդ` կանանց աշխատանքի վերաբերյալ տարածված են խտրական դիրքորոշումներ. տղամարդիկ ավելի շատ են հակված կարծելու, որ կանայք չպետք է աշխատեն եւ միայն պետք է զբաղվեն տնային գործերով: 2011-2014թթ.-ի ընթացքում գործազուրկ կանանց թիվը Երեւանում ամենաբարձրն է եղել ՀՀ մարզերի համեմատ, սակայն 2014-ին կանանց գործազրկության մակարդակն ամենաբարձրը եղել է Կոտայքի մարզում: Տղամարդկանց գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Երեւանում ու Շիրակի մարզում, ապա Լոռու, Կոտայքի եւ Տավուշի մարզերում:

Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ նշված ժամանակահատվածում թե՛ կանանց եւ թե՛ տղամարդկանց միջին ամսական աշխատավարձերը բարձրացել են, սակայն մասնավորապես կանանց դեպքում տնտեսական գործունեության բոլոր տեսակներում կանանց աշխատավարձը միանշանակ ավելի ցածր է, քան տղամարդկանց աշխատավարձը: Մասնավորապես, ցածր են վարձատրվում մշակույթի, զվարճությունների, հանգստի ոլորտներում եւ սպասարկման այլ ծառայություններում աշխատող կանայք:

Ուսումնասիրելով գենդերային կարծրատիպերի հետեւանքները աշխատաշուկայում՝ հետազոտության հեղինակները փաստում են, որ հայ հասարակությունում գենդերային հիմնական պատկերացումները կառուցվում են դերերի եւ իշխանության ավանդական բաշխման` «աղջիկը գնացող ա», «տղան տան սյունն ա», կարծրատիպերի շուրջ: Փոխանցվելով սերնդեսերունդ՝ այս պատկերացումները հասարակական պահանջարկ են կերտում:

Հարցին՝ ընտանիքում ինչպիսի՞ հատկանիշներ է պետք դաստիարակել տղաների եւ աղջիկների մոտ, հնազանդության հատկանիշը քառակի ավելի է կարեւորվել աղջիկների համար, անկախությունը համարյա կրկնակի անգամ ավելի շատ է կարեւորվել տղաների համար:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930