Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դասական արվեստի հրավառություն՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին

Հունիս 30,2016 13:30

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում եզրափակիչ ակորդն էր շքեղ գալա համերգով ընթացիկ տարվա մարտի 4-ին մեկնարկած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների: Կայացավ 7 համերգ, «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի ցուցահանդես, գիտական կոնֆերանս, այցելություն ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորների շիրիմներին, Արշակ Ադամյանի հուշաքարի բացում, օրերս էլ «Հոբելյանական նոտաներ» ֆիլմի պրեմիերան էր: Վավերագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Ավագ Ավագյան, սցենարի հեղինակ՝ Սոնա Ալեքսանյան), որ պատրաստվել էր Հանրային հեռուստատեսության պատվերով եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ներկայացնում էր նվագախմբի հիմնադրման օրից ի վեր գրեթե բոլոր հիշարժան համերգներն ու իրադարձությունները:

Հոբելյանական համերգին թե նվագախումբը, թե երաժշտասեր հասարակությունը երկար սպասեց: ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքերով՝ դա կապված էր երկրի սահմաններում գերլարված իրավիճակի, մասնավորապես՝ քառօրյա պատերազմի ու տիրող հուզական տրամադրությունների հետ:

apo4
Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Արշակ Ադամյանի կողմից 90 տարի առաջ հիմնադրված նվագախմբի գործունեությունը ի սկզբանե միտված էր բարձրացնելու ունկնդրի մշակութային եւ երաժշտական պատրաստվածությունը, ֆիլհարմոնիկը մշտապես ներկայացնում է հայ կոմպոզիտորների (կառավարության որոշմամբ՝ 2014թ. նվագախմբին շնորհվել է ազգային կարգավիճակ) ստեղծագործություններ: Ռուզաննա Սիրունյանը փաստում է, որ ֆիլհարմոնիկը յուրահատուկ դեսպանն է Հայաստանի, որը վերջին շրջանում հաճախ հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում (ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ճապոնիա, Ռուսաստան եւ այլն), ներկայացնում է հայ եւ օտարազգի մենակատարների մասնակցությամբ Խաչատրյանի, Միրզոյանի, Հարությունյանի, Բաբաջանյանի, Տերտերյանի եւ մեր մյուս անվանի կոմպոզիտորների գործերը:

«Ֆիլհարմոնիկի՝ որպես Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի առաջատար կոլեկտիվի երկարամյա բովանդակալից բուռն գործունեությունը կանխատեսված էր ի սկզբանե: Նվագախումբը հիմնեցին Ալեքսանդր Սպենդիարյանն ու Արշակ Ադամյանը, այնուհետեւ տարբեր տարիներին կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարներն էին Սուրեն Չարեքյանը, Գեւորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Միքայել Տերյանը, Օհան Դուրյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը, Վալերի Գերգիեւը, Վահագն Պապյանը… 2000-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է Էդուարդ Թոփչյանը: Շուրջ 15 տարի ամեն ուրբաթ կայանում են ֆիլհարմոնիկի համերգները նոր ծրագրով, ինչպես տեղացի, այնպես էլ հրավիրված երաժիշտների մասնակցությամբ: Մաեստրոյի աչքից չեն վրիպում նաեւ մեր պատանի տաղանդները, որոնց հնարավորություն է տրվում ելույթ ունենալ մեծ նվագախմբի հետ»,- համառոտ հայտնեց տիկին Սիրունյանը:

Իսկ թե որն է կոլեկտիվի շարունակության ու վաղվա օրվա երաշխիքը հետաքրքրությանը, Ռուզաննա Սիրունյանը պատասխանեց. «Ֆիլհարմոնիկը Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ «ԵրազԱրտ» ամերիկյան ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ երեք օր է, ինչ սկսել է երիտասարդ երաժիշտների հետ վարպետության դասերի անցկացումը փողային 7 գործիքների՝ 11 բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ: Վերջիններս ֆիլհարմոնիկի երաժիշտներ են»:

Անդրադառնալով երեկ կայացած հոբելյանական համերգին, փաստենք, որ դահլիճը ոչ միայն լեփ-լեցուն էր, այլեւ հարյուրավոր երաժշտասերներ նվագախմբի ելույթը ունկնդրում էին կանգնած: Կարծում ենք՝ հրավիրված մենակատարներին ներկայացնելու հարկ չկա, նրանք են՝ սոպրանո Հասմիկ Պապյանը, բաս Բարսեղ Թումանյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահար Վահագն Պապյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չավուշյանը:

«Առավոտը» մեկ հարց ուղղեց արտասահմանում ապրող եւ ստեղծագործող մեր օպերային աստղերին՝ մտադրված չե՞ն, արդյոք, վերջնական վերադառնալ հայրենիք, գուցե այլ կարգավիճակով: Հասմիկ Պապյանի պատասխանը հակիրճ էր. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»: Իսկ Բարսեղ Թումանյանը պատկերավոր պատասխանեց Կոնֆուցիոսի խոսքերով. «Մենք սպասում ենք, մինչեւ Աստված իջնի… այնինչ պետք է արարել ու արարել: Բարեպաշտ մարդը բոլոր պատճառները ման է գալիս իր մեջ, ստորադասը՝ ուրիշների…»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930