Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մարուխյանի «Ընտրանիի» առիթով

Հունիս 30,2016 12:30

Երկար տարիներ լինելով Ռուբեն Մարուխյանի արվեստակից ընկերը, դժվար է նրան տարբերակել` գրող, դրամատուրգ, ռեժիսոր, բանաստեղծ: Առաջնությունը կարող ենք տալ գրողին, որովհետեւ նա սոսկ գրող չէ, այլ ժամանակի տարեգիր, որը հատուկ է իսկական գրողին:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը «Ընտրանիի» առաջաբանում գրում է. «Կան գրողներ, որոնց մուտքը գրական ասպարեզ նշանավորվում է ոչ թե շռնդալից աղմուկով, այլ անշտապ, բայց վստահ ընթացքով, սեփական ուղին գտնելու տառապալից որոնումներից ծնված իսկական արժեքով»:

Ծանոթանալով Ռուբեն Մարուխյանի «Ընտրանիին», թեեւ շատերը կարդացել եմ, դիտել նրա պիեսների` տարբեր թատրոններում բեմադրված ներկայացումները, բայց ներկա ժողովածուի առավելությունն այն է, որ նա տարիների հարուստ վաստակը ամբարել է մի գրքում եւ վերնագրել «Ընտրանի»: Իրոք ընտրանի, որտեղ ամբողջությամբ դրսեւորվում է հայրենասերի, այսօրվա տագնապալից օրերի մտահոգությամբ ապրող իսկական մտավորականի լայնահուն կերպարը: «Ընտրանին» բաղկացած է «Վիպակ», «Պատմվածքներ», «Մենանվագ շեփորի համար» (Բանաստեղծություններ) եւ «Թատերգություններ» բաժիններից:
Երբ ընթերցում ես «Անդարձություն» վիպակը, որով էլ սկսվում է ժողովածուն, մտովի տեղափոխվում ես պատերազմի ծանր օրերը ու պատերազմը դառնում է ավելի ու ավելի ատելի: Վիպակը, որ նվիրված է իր ծնողներին` Արամ եւ Եվգինե Մարուխյաններին, ինքնակենսագրական է, իրենց գերդաստանի պատմությունը, կորցրած հայրենիքի տխուր պատմություն` գեղարվեստական պատումով:

«Անդարձություն» վիպակը հայ ժողովրդի կորցրած հայրենիքի ու պատերազմի ծանր տարիների մասին է: Պատումը այնքան տպավորիչ է, գրված` հարուստ լեզվով, մատուցման յուրահատուկ ոճով, որ կերպարները, նկարագրած տեսարանները դառնում են մոտ ու հարազատ: Թեեւ մի ընտանիքի պատմություն է, բայց պատումը դառնում է ողջ հայ ժողովրդին վերաբերող ամբողջ պատմություն: Վիպակը գրված է տարիների փորձ ու վաստակ ունեցող, գրող-հրապարակախոսի գրչով, պատում, որ կարող է դառնալ կինոսցենարի նյութ: Հեղինակը իրենց գերդաստանի պատմությունը ներկայացրել է ուշագրավ` դառնալով ընդհանրական եւ հավաստի: Կան առանձին կերպարներ, որոնց մասին ընթերցելիս, ապրում ես նրա հոգսերով, ապրում նրան պատած վիշտ ու ցավով: Չկա մի ավելորդ կերպար, բոլորն էլ ապրում են իրենց հոգսերով, իրենց բաժին հասած ճակատագրով, գալիքին լավատեսորեն սպասելով:
Մի քանի հայրենակարոտ, պարզ ու հասարակ մարդկանց միջոցով ընդհանրացրել է` դառնալով հայ ժողովրդի հավաքական կերպար: Նրանք, հավատալով, որ հաղթել են Հայրենական մեծ պատերազմում, հիմա էլ ռուս զինվորների միջոցով կբացվեն մեր սահմանները, կքանդվեն փշալարերը եւ հայ ժողովուրդը նորից կվերադառնա իր երկիրը, տեր կկանգնի իր տանը, իր հող ու ջրին, բայց, սահմանը այդպես էլ չբացվեց…
Հեղինակի յուրաքանչյուր պատմվածք մի կինոպատումի թեմա է՝ եւ՛ բնութագրական, եւ՛ կերպարների բնական ու խաղարկային իմաստով: Ընթերցելիս աչքիդ առաջ է հառնում այնպիսի տեսարաններ, թվում է՝ տեսնում ես այն ամենը, ինչը ներկայացված է պատմվածքում:

Այնքան բնական ու պարզ է նկարագրում «Ադամամութի աղոթերգ» պատմվածքի հերոսներին, որ կերպարները դառնում են հայրենիքի կարոտով ապրող մարդիկ: Հերոսները ամեն մեկը պատմում է իրենց տան, պապերի կառուցած քարաշեն տան, բակի, կարկաչուն առվակի, պաղ-պաղ աղբյուրների մասին ու ցավ ապրում… Թեեւ Հայոց մեծ եղեռնի 100-ամյակն անցել է, բայց մեր իսկական պայքարը նոր է սկսվում…
Ռ. Մարուխյանի ստեղծագործություններն, ընդհանրապես, լինի դա վիպակ, պատմվածք, թե մանկական թատերգություններ` հայրենիքի, հայրենասիրության, բարին արարելու մասին է: Հատկապես մանկական գործերն ուսանելի են դպրոցական տարիքի երեխաների համար: Հայրենասիրական ոգին է առաջնայինը: Նրա շատ պիեսներ, հատկապես մանկական, բեմադրվել են հանրապետության տարբեր թատրոններում` երեխաներին ներշնչել դաստիարակություն եւ հայրենասիրություն, բարուն ու գեղեցիկին նմանվելու եւ հասնելու միտում:
«Ընտրանիում» զգալի տեղ է հատկացված բանաստեղծություններին, որոնք ժամանակին մեծ արձագանք են ունեցել եւ՛ ընթերցողների, եւ՛ արվեստագետների կողմից: «Ռուբեն Մարուխյանի չորրորդ մուսան բանաստեղծությունն է: Նա քառատաղանդ է, որ Աստված է ի վերուստ շնորհել նրան: Նրա բանաստեղծություններում առատորեն հորդում է անմոռաց, մնայուն պատկերներ»,- գրում է անվանի մանկագիր Սուրեն Մուրադյանը եւ բարձր գնահատում նաեւ նրա մանկական պիեսները. «Եղեգնուհին», «Իսկական ընկերը», «Ամենից լավ տունը» եւ ուրիշներ:

Հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը հավելում է. «Ռուբեն Մարուխյանը շատ սիրելի մարդ է ինձ համար: Ինչո՞ւ: Որովհետեւ ընտրված հատիկներից է: Դա ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ էդ մարդիկ շատ հարուստ են լինում: Գրող է, թատերագիր է, մանկավարժ է, դասախոս է, ռեժիսոր է: Ինչ-որ մեկի համար դա մի քիչ շատ կթվար, մի քիչ ձեւական, մի քիչ սարքովի, բայց Ռուբենի համար չէ: Նա, իրոք, էդպիսին է, ինքը էդ բոլորը կարող է անել եւ անում է ամեն գործ շատ լավ, որովհետեւ տաղանդավոր է, բնությունից օժտված մարդ է…»:
Ժողովածուում տեղ գտած անվանի մտավորականների խոսքերը ճշմարիտ գնահատական են Ռուբեն Մարուխյանի մասին, որոնք արժեւորում են նրա ստեղծածը, տեղը եւ դերը հայ գրական կյանքում: Նա ավելի քան 25 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլ լեզուներով:

 
ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930