Լրահոս
Օրվա լրահոսը

Կապույտ տերեփուկը օգտագործվում է լեղարտադրության խաթարման դեպքում

Հունիս 30,2016 11:30

Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող կապույտ տերեփուկը մինչեւ մեկ մետր բարձրությամբ միամյա մոլախոտ է։ Ծաղկում է ամռան սկզբին, հանդիպում է անմշակ հողերում, հացահատիկային բույսերի ցանքերում, թփուտներում եւ ավազային կամ ավազակավային հողերում։

Այս մոլախոտն ունի նաեւ բուժական ազդեցություն: Օգտագործվում են բույսի կապույտ ծաղիկները։ Պարունակում է ցենտաուրին, ցիանին (որը ծաղիկը ներկում է կապույտ) եւ այլ միացություններ։ Այն կարելի է հավաքել ծաղկելուց հետո՝ հունիս-հուլիս ամիսներին, ապա չորացնել ստվերոտ, քամահարվող տեղում։
Բույսն ունի արտահայտված միզամուղ, հակաբորբոքային, լեղամուղ, մանրէասպան ազդեցություններ։ Կիրառվում է երիկամների եւ միզածորանների բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Արդյունավետ միջոց է երիկամների եւ սրտանոթային համակարգի հիվանդությունների հետեւանքով առաջացած այտուցների դեպքում։ Դեղաբույսը կիրառվում է նաեւ լյարդի եւ լեղածորանների գործառնական բնույթի այնպիսի խանգարումների դեպքում, երբ խաթարվում է լեղարտադրությունը։ Տերեփուկը կարգավորում է նաեւ մարսողությունը։ Արտաքին օգտագործման ձեւով կիրառվում է նաեւ աչքի եղջերաթաղանթի եւ կոպերի բորբոքման ժամանակ։

terepuk8+.2

Ամիրդովլաթը` դեղաբույսը խառնելով կաղնու պտուղների եւ այլ միջոցների հետ, նշանակել է միզակապության ժամանակ: Տերեփուկի եփուկը Ամիրդովլաթը նշանակել է նաեւ դաշտանի բացակայության ժամանակ: Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի ծաղիկներն օգտագործել են աչքի հիվանդությունների դեպքերում: Բույսի ծաղիկները Հնդկաստանում օգտագործում են որպես ցավազրկող միջոց` կոնյունկտիվիտների ժամանակ, ինչպես նաեւ օրգանիզմի ընդհանուր ուժերի թուլացման դեպքում: Չեխական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են դեղնուկի եւ աչքի հիվանդությունների ժամանակ: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների թուրմն օգտագործում են որպես ստամոքսը տոնուսավորող եւ ախորժակը գրգռող միջոց:

Բույսի կիրառման համար կարող եք պատրաստել ջրաթուրմ. 1 ճաշի գդալ հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 միլիգրամ եռման ջուր, փակել կափարիչով եւ 15 րոպե տաքացնել եռացող ջրում (ջրային բաղնիքում)։ Այնուհետեւ սառեցնել 45 րոպե, սենյակային ջերմության պայմաններում, քամել, իսկ մնացորդային հումքը մզել եւ թափել։ Ստացված ջրաթուրմը նոսրացնել եռացրած ջրով՝ մինչեւ նախնական ծավալին հասնելը։ Խմել տաք վիճակում, մեկական ճաշի գդալ՝ օրական 3 անգամ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

29.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930