«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնության անդամներն արդեն հանդես են գալիս նոր՝ «Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական-քաղաքացիական նախաձեռնություն անվամբ։
Այս մասին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց նախաձեռնության անդամ Գոհար Արշակյանը:
Նրանք այս անգամ պայքարելու են, որ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գործունեությունը կախակայելու հարցն անպայման մտնի Գերագույն հոգևոր խորհրդի եռօրյա ժողովի օրակարգ:
«Պետք է լուծում տալ այս խնդրին,- ընդգծեց Գոհար Արշակյանը,- դրա համար նախ պետք է Արամ Աթեշյանի գործունեությունը կախակայել, իսկ այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի միջոցով հասնել նրան, որ որևէ գործունեություն այլևս չկարողանա ծավալել որպես Պատրիարքարանի փոխանորդ, հետո մտածել նրան կարգալույծ անելու մասին»:
Կարդացեք նաև
Նախաձեռնության անդամներն իրենց պահանջներն էլեկտրոնային տարբերակով կուղարկեն Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին, հարկ եղած դեպքում նաև կհանդիպեն նրանց հետ՝ ակնկալելով համապատասխան արձագանք. «Եթե Գերագույն հոգևոր խորհուրդը որոշի կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը, ապա Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հոկտեմբերին գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը կքննարկի նրան կարգալույծ անելու հարցը»,- ասաց Գ. Արշակյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ