Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. ՀՀ-ն բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

Հունիս 29,2016 21:45

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Գերմանիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսին

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ կրկին ողջունել Երևանում իմ լավ բարեկամ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Այս այցելությունը պարոն Շտայնմայերը իրականացնում է և որպես Գերմանիայի արտաքին գործերի նախարար, և որպես ԵԱՀԿ գործող նախագահ։

Մեր հանդիպումը լավ առիթ էր քննարկելու Հայաստան-Գերմանիա բազմաշերտ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Երկուստեք գոհունակություն հայտնեցինք երկկողմ համագործակցության դինամիկ զարգացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման փոխադարձ ձգտումով:

Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության ամրապնդման գործում կարևորում ենք երկկողմ բարձրաստիճան այցերը: Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլին պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը 2015թ.-ից ի վեր երրորդն էր երկու երկրների ղեկավարների միջև: Դինամիկ բնույթ է կրում նաև ԱԳ նախարարների միջև երկխոսությունը` փոխադարձ այցեր Բեռլին և Երևան, հանդիպումներ բազմակողմ հարթակներում: Բնականաբար, այդ երկխոսությունն էլ ավելի սերտ բնույթ է կրում 2016թ.-ի Գերմանիայի՝ ԵԱՀԿ նախագահության ընթացքում:

Մենք կարևորեցինք արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Ընդլայնվում են նաև հայ-գերմանական միջխորհրդարանական կապերը, ինչի լավագույն դրսևորումն էր 2013թ. մարտին Գերմանիայի Բունդեսթագի նախագահ պարոն Լամմերտի այցը Հայաստան:

Հայաստանը մեծապես կարևորում է ս.թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Սույն բանաձևը շարունակությունն էր 2015թ. ապրիլի 23-ին դաշնային Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարության։ Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, նաև՝ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության պայքարում, ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման մեջ պատասխանատվության իր մասը։

Վերջին տարիներին հայ-գերմանական համագործակցության օրակարգն էլ ավելի է ընդլայնվել ու հարստացել, ստորագրված է շուրջ 60 համաձայնագիր, այս թիվը համալրվեց ևս մեկ կարևոր փաստաթղթով՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրով:

Ապրիլին Երևանում բացվեց Գերմանացի գործարարների միության գրասենյակը: Այս փաստն ինքնին վկայում է երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու փոխադարձ շահագրգռվածության և լայն հեռանկարների մասին:

Գերմանիան Եվրոպական միության առաջատար երկրներից է և բնականաբար մենք քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը, մասնավորապես, ԵՄ հետ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը:

Ինչպես նշեցի Գերմանիայի արտգործնախարարը Երևանում է գտնվում նաև որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Հետևաբար, մեր հանդիպման օրակարգում էին ԵԱՀԿ օրակարգային հարցերը: Ես վերահաստատեցի Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնայնությունների իրականացմանը: Մենք անդրադարձանք սեպտեմբերին Պոտսդամում և դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանը բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ-ում նախագահության ստանձնման առաջին իսկ պահից Գերմանիան սատարեց զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ներդրման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման Մինսկի խմբի համանախագահների առաջարկները: Ինչպես գիտեք, այս երկու առաջարկները, ինչպես նաև 1994 և 1995 թթ. զինադադարի համաձայնագրերի անշեղ կատարման հարցը, գտնվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հրավիրված գագաթաժողովների օրակարգում: Սրանք այն հարցերն են, որոնց իրականացումը թույլ կտա բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցային գործընթացի առաջ մղման համար: Այս գիտակցությամբ է, որ Հայաստանը բազմիցս դրական դիրքորոշում է արտահայտել այս առաջարկությունների կյանքի կոչման հարցում և այժմ էլ եռանախագահների հետ աշխատում է այդ ուղղությամբ:

Կցանկանայի նաև արժևորել ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործունեությունը և շեշտել, որ այն տարածաշրջանում ամբողջ ծավալով գործող ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ԵԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի համագործակցության հանձնառության կարևորությունը:

Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930