Այսօր ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսում հարց հնչեց նաեւ այն մասին, որ պետերբուրգյան բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ «գաղտնազերծումներ» արեց, Իլհամ Ալիեւը խոսեց Նախիջեւանի մասին:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարցնում են`հնարավոր կլինի՞ հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ինքն էլ առաջարկում է սպասել`մինչեւ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա Բաքու եւ տեսնենք, թե ինչքա՞ն հնարավոր կլինի պայմանավորվածությունները պահել ու հետագայում գործողության մեջ դնել:
Անդրադառնալով Ալիեւի վերջին «գաղտնազերծումներին» էլ ասաց. «Ադրբեջանը ձեւացրեց, թե նման պայմանավորվածություններ չեն եղել: Դա եռանախագահների կարծիքն է: Դրանով փորձում է ասել, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները կեղծարարությամբ են զբաղված, երբ համատեղ հայտարարության մեջ խոսում են այդ պայմանավորվածություններից»:
Էդվարդ Նալբանդյանը հիշեցնում է` Ադրբեջանը միակ երկիրն էր, որը վերջին երկու ամիսների ընթացքում երեք անգամ մերժեց հետաքննող մեխանիզմների տեղակայումը շփման գծում: Նա նաեւ նկատեց, որ այդ առաջարկները բազմիցս են հանձնվել կողմերին, բայց Ադրբեջանի ղեկավարությունը ձեւացնում է, թե որեւէ բան ոչ տեսել է, ոչ լսել: Նա համամիտ է համանախագահողներից մեկի այն կարծիքի հետ, որ Ադրբեջանը փորձում է «պարանը քաշել իր կողմ» կամ հանրային կարծիք ձեւավորել, թե այդ պայմանավորվածություններն իրենց ի նպաստ են:
Կարդացեք նաև
Ըստ Էդվարդ Նալբանդյանի, ԼՂՀ-ի ապագայի համար օրինակ բերելով ժամանակին հայաշատ Նախիջեւանը, որը այսօր հայաթափված է, իսկ հայկական ժառանգությունը ոչնչացված է, հենց ապացույց է, թե ինչո՞ւ չի կարող բանակցությունների առարկա լինել ԼՂՀ-ի ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Նա նաեւ հավելեց, որ բանակցություններում երբեք չենք քննարկել եւ չեն քննարկի`ԼՂՀ-ի ինքնավար մարզի տարբերակը Ադրբեջանի կազմում: ԼՂՀ-ի ժողովուրդը ինքը պիտի որոշի իր ճակատագիրը, դա նաեւ եռանախագահներն են ամրագրել. «Ո՞ւմ հավատանք`Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ