Ստատուս քվոն այսպես հնարավոր չի լինելու պահպանել, որքան ձգվում է կարգավորումը, մեծանում է ռազմական գործողությունների հավանականությունը: Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, ճեպազրույցում հայտարարեց ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն` անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորման ընթացքին: «Պետք է ջանքեր գործադրենք`տեւական լուծում գտնելու համար»,- ասաց Վալտեր Շտայնմայերը:
Հայաստանցի լրագրողներից մեկի հարցին` ի՞նչ ուղերձով է մեկնում Բաքու, ի՞նչ արդյունքներ է ակնկալում այդ հանդիպումից, քանի որ Ադրբեջանն է խոչընդոտում շփման գծում հետաքննող մեխանիզմների տեղակայմանը, Շտայնմայերը պատասխանեց. «Ես իրատես ԱԳ նախարար եմ, ոչ թե մարգարե: Սակայն այն, ինչ տարեսկզբին տեղի ունեցավ, իրավունք չունի կրկնվելու»:
Ըստ բանախոսի, պետք է փորձեն գտնել անվտանգության հնարավորություններ եւ բանակցությունները շարունակելու նոր եզրեր, ինչի շնորհիվ հնարավոր կլինի զինադադարի ռեժիմը կայուն պահել: «Միգուցե չենք գտել ճիշտ դուռը, եթե բանակցային գործընթացը տեղից չի շարժվել»,- ասաց նա`հավելելով, որ այս առումով կան ակնկալիքներ եւ հայկական, եւ ադրբեջանական կողմից: Տարեսկզբից կատարվածն, ըստ նրա, պիտի մղի նրան, որ առաջիկայում մի վճռական քայլ կատարենք զինադադարի ամրապնդման ուղղությամբ, նաեւ բանակցությունների մեկնարկի:
Լրացնելով գերմանացի գործընկերոջը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ բանակցությունների ընթացք պետք է տանի ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրագործմանը:
Կարդացեք նաև
Ի մի բերելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին երկու հանդիպումները, նաեւ ԵԱՀԿ-ի գործադրած ջանքերը, Վալտեր Շտայնմայերն ընդգծում է, որ այդ ամենը հանդարտեցրել են իրավիճակը ճակատային գծում: «Սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք, եղածը պիտի պահպանենք եւ բանակցային գործընթացն ավելի նյութական դարձնենք»,- այս առումով նա նկատում է, որ ջանքեր են պահանջվում ԵԱՀԿ-ից, Մինսկի խմբից եւ փոխզիջումների գնալու պատրաստակամություն`կոնֆլիկտի կողմերից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ