Հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով սպանած, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») մեղադրվող 25-ամյա Արսեն Խոջոյանի շահերը պաշտպանում է հանրային պաշտպան Աննա Մեջլումյանը, որը ներկա է եղել նրան երկամսյա կալանքի ենթարկելու միջնորդությունը քննելու դռնփակ դատական նիստին, որը կայացել է հունիսի 27-ին:
Ա. Խոջոյանն ընդունում է իր մեղքը, ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, ուր դանակի 10-ից ավելի հարվածներ է հասցրել անչափահաս աղջկան:
Ա. Խոջոյանը արտաքինից հոգեկան հիվանդի տպավորություն չի թողնում, սակայն 2014 թվականի մարտի 7-ից ապրիլի 10-ը Ադրբեջանի տարածքում գտնվելն ազդել է նրա հոգեկան առողջության վրա:
Արսենը մտերիմ հարաբերություններ է ունեցել 17-ամյա աղջկա հետ: Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Աստղիկ Հանիսյանին հրավիրել է Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել են Վերին Կարմիրաղբյուր գյուղի «Ճակատի աղբյուր» տեղանք, ուր տեղի է ունեցել դեպքը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Արսեն Խոջոյանը Սեւանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել:
Նախկինում հայտնել ենք, որ Ադրբեջանում հայտնված Արսեն Խոջոյանի ընտանիքը վարկեր է ունեցել: Ադրբեջանի հետ սահմանը հատելիս Ա. Խոջոյանը հայ սահմանապահների ուշադրությանը չի արժանացել: Ադրբեջանից վերադառնալուց հետո նա բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում: Արդյոք այնտեղ նրա ախտորոշումը ճի՞շտ է կատարվել եւ նրա բուժումը բավարա՞ր է եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ