Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին

Հունիս 29,2016 18:50

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է մարդասիրական առաքելության շրջանակում երկօրյա այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին` կառույցի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև հիմնադրամի խորհրդական Ջոն Էվանսը:

Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի մարդասիրական ծրագրերը կրթական և առողջապահական նպատակներով Արցախում կիրառելու հետ կապված հարցեր, որոնք նախատեսված են ուղղվելու ապրիլյան իրադարձություններից հետո գյուղերից տեղահանվածների, ինչպես նաև վիրավոր քաղաքացիների ու զինվորների բժշկական կարիքները հոգալուն:

Ողջունելով հյուրերին` վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Արցախի նկատմամբ նրանց կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրության համար և կարևորել հիմնադրամի կողմից գյուղական բնակավայրերում իրականացվող կրթական ու առողջապահական ծրագրերը:

«Արցախում կրթության և առողջապահության ոլորտներում պայմանների բարելավման ուղղությամբ մեծածավալ ծրագրեր են իրականացվել, սակայն որակի ապահովման համար ժամանակակից մեթոդների կիրառումն անհրաժեշտ է, ինչը դուք փորձում եք ապահովել ձեր ծրագրերի միջոցով»,- ասել է Ա. Հարությունյանը:

Կառավարության ղեկավարն իր առանձնահատուկ վերաբերմունքն է արտահայտել հիմնադրամի խորհրդական Ջոն Էվանսին, ով միջազգային հարթակներում, վարչապետի բնորոշմամբ,  հայ դեսպանի առաքելություն է իրականացնում: «Համոզված եմ, որ Ձեր անունն իր ուրույն տեղն է ունենալու հայոց պատմության էջերում»,- դիմելով Ջ. Էվանսին՝ ասել է վարչապետը:

Հիմնադրամի ատենապետ Գարո Արմենը, ներկայացնելով իրենց ծրագրերը, կարևորել է կառույցի հատկապես «ՍՄԱՐԹ» նախաձեռնությունը, որի նպատակն է  գյուղական բնակավայրերի, ժամանակակից տեխնոլոգիաների գործածության միջոցով, առաջխաղացման ապահովումը: Երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել այն` որպես պիլոտային ծրագիր, Արցախում կյանքի կոչելու ուղղությամբ: Վարչապետի առաջարկությամբ` հանրապետության գյուղերում նորաբաց համայնքային կենտրոնների սենյակներից մեկը կհատկացվի անհրաժեշտ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով կահավորելու և այն նպատակային օգտագործելու  համար:

Հանդիպմանը քննարկվել են նաև առողջապահության և կրթության ոլորտներում հնարավոր այլ ծրագրերի իրագործման հետ կապված մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվել են, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի բուժկետերի բուժքույրերի դասընթացների և դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930