Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տարածքներ հանձնելու պատրաստակամությամբ բանակցելն ամենահիմար ճանապարհն է». ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր

Հունիս 29,2016 18:22

«Տեղի է ունեցել ստատուս քվոյի տոտալ փոփոխություն»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) «Ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա» թեմատիկ զեկույցին նվիրված քննարկմանը հայտարարեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ փորձագետի` ստատուս քվոյի պահպանման մասին բոլոր խոսակցություններն այլևս անիմաստ են. «2010-ից Ռուսաստանը դարձել է Ադրբեջանի հարձակվողական սպառազինության գլխավոր մատակարարը, 2014-ից Արևմուտքը դարձել է ՌԴ թշնամին: Այս ամենը հանգեցրեց ապրիլյան պատերազմին»: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` միայն շարքայինից մինչև փոխգնդապետ առաջին գծին կանգնած մարդկանց անձնազոհության շնորհիվ էր, որ այն, ինչ կարող էր տեղի ունենալ, տեղի չունեցավ:

Ռուբեն Մեհրաբյանը մտահոգություն ունի, որ եթե ոչինչ չի փոխվում, ապա այս ճանապարհը ուղիղ դեպի պատերազմ է տանում, որը շատ ավելի անբարենպաստ իրավիճակ է ստեղծելու, ինչ եղավ ապրիլին: Ստատուս քվոյի փոփոխությունից բխում է նաև փիլիսոփայության փոփոխություն. «Մենք հասկանում ենք, որ զորիբալայանական հայրենասիրությունն առ Ռուսաստան մեռավ հենց առաջին կրակոցից: Մենք տեսնում ենք, որ մեր գլխին բերում-թափում են ՀՕՊ պայմանագիր: Է, Թուրքիայի հե՞տ կնքեք ընդհանուր պայմանագիր: Ի՞նչ տարբերություն. ինչպես Թուրքիան, այնպես էլ Ռուսաստանն է մեզ շրջափակման ենթարկել ԵՏՄ-ում»:

Ռուբեն Մեհրաբյանը հայտարարեց, թե անիմաստ է անգամ այն հարցը քննարկել, թե որ երկիրն է ավելի շատ զենք տալիս Ադրբեջանին` Թուրքիա՞ն, թե՞ Ռուսաստանը: Ըստ փորձագետի` ուրեմն, Թուրքիային պետք է տանք երկնքի հետ հակաօդային պաշտպանությունը:

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով՝ տարածքները հանձնելու մտայնությամբ բանակցելը բանակցությունների ամենահիմար ճանապարհն է. «Ավելի վտանգավոր դիրքորոշում երբևէ չեմ տեսել: ՀՀ բոլոր նախագահները միանշանակ, պարզ խոսել են տարածքների վերադարձի մասին: Այս ամենի մասին տեղյակ են թե՛ միջնորդները, թե՛ Ադրբեջանը: Բայց ստացանք պատերազմ: Պատեհ-անպատեհ առիթով այս ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունները, որ բանակցային հիմնական կողմն է, հայտարարում են, որ տարածքների խնդիր չկա, մենք պատրաստ ենք դրանք վերադարձնել, բայց ստացանք պատերազմ: Ժամանակն է` այս շաբլոնից դուրս գանք և ավելի խորը փորձենք հարցը լուսաբանել»:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի կարծիքով` 2016-ին խոսել 1994-ի հրադադարի պայմանագրի մասին այնպես, կարծես ոչինչ աշխարհում չի փոխվել, առնվազն միամտություն է: Պարոն Բաղդասարյանը նշեց. «Ինձ համար գլխավոր նպատակը Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելը չէ, կամ հողերը շատ կամ քիչ են հարցը, այլ հայ ազգի համար մի այնպիսի կենսատարածք ապահովելն է, որը լինի Հայաստանինը, հայինը, որ հայը կարողանա այդտեղ ապրել: Հիմա, որ այդ գրավված տարածքներում ոչ ոք չի ապրում, ի՞նչ օգուտ: Ենթադրենք Մանվելը, կամ Ղարաբաղի օլիգարխները, կամ ուրիշները հող են ցանում, դա ի՞նչ է: Կամ 800 հեկտարը հանձնեցին` ասելով թքած: Ինձ համար սկզբունքն այլ է. Հայաստանն ու Ղարաբաղը հայի կենսատարածք չեն. ուզում եք միավորված խոսեք, ուզում եք երկու անկախ պետությունների մասին խոսեք»:

Դառնալով Ադրբեջանի այն նկրտումներին, թե հողերը հանձնեք, հետո տեսնենք, պարոն Բաղդասարյանը նկատեց, որ հաճախ մեր հասարակության մեջ էլ այդ մտայնությունը կա: Այդ համատեքստում մտահոգություն հայտնեց. «Եթե այս ակումբային զրույցում նկատում եմ, որ այդ մտածողությունը կա, ապա ի՞նչ եք պահանջում ռուսի ծառա Սերժի մտածողությունից կամ իրեն ծառա մնացածի մտածողությունից, որոնք հակահայկական հանձնարարական են կատարում»:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի համար ելքի ճանապարհը ընդդեմ 1921-ի դաշինքի շարժում ձևավորելն է, քանի որ հայկական պետության գոյությունը վտանգված է, քանի դեռ կա այդ դաշինքը, և հենց դրանից էլ բխում է ՌԴ-ի և Թուրքիայի վարքագագիծը մեր երկրում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930