ՀՀ մշակույթի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ ս. թ հունիսի 29-ին, կյանքի 79-րդ տարում վախճանվել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը:
Հրաչյա Մաթևոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին, Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ: 1962-1966 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում` «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան» պարբերականներում:
Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի գրողների միության անդամ էր: Արժանացել է ՀԳՄ Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների և Մանկապատանեկան գրական մրցանակների:
Տասնյակ գրքերի հեղինակ է: Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Հրաչյա Մաթևոսյանի ընտանիքին և մերձավորներին:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին