Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ, որոնք չգիտեին ինչ է նշխարը, եկել էին Հռոմի պապի ձեռքից ստանալու». Տեր Հովսեփ (Տեսանյութ)

Հունիս 29,2016 17:46

Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւորականներն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ ամփոփելով Հռոմի պապի այցը, մասնավորապես Գյումրու Վարդանանց հրապարակում նրա կողմից պատարագ մատուցելը:

Տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը տեղեկացրեց, որ շուրջ 24 հազար հրավիրատոմս են բաժանել, պատարագին նվազագույն թվով ներկա է գտնվել մոտ 28 հազար մարդ: 14 հազարը, ըստ նրա, եղել է Գյումրիից, մնացածը Շիրակի մարզի մյուս համայնքներից, Լոռուց, Վրաստանից:

_3510Նա, անդրադառնալով Վարդանանց հրապարակում Սրբազան Քահանայապետի կողմից մատուցված պատարագին, ասաց, որ մարդիկ եկել էին սեր տեսնելու, սեր վայելելու ու ճաշակելու: «Մարդիկ պատարագին այդպես մեծ թվով ներկա էին ոչ միայն նրա համար, որ անցած տարվա ապրիլին ու այս տարվա հուլիսի 24-ին նախագահական նստավայրում Սրբազան Քահանայապետն օգտագործեց ցեղասպանություն բառը, այսինքն` եկել էին ոչ միայն շնորհակալություն հայտնելու, այլ նաեւ նրանց հրապարակ բերել էր նոր կյանքի սպասումը, նոր կյանքի հույսը: Եկել էին ոգեշնչվելու հոգեւորականի օրինական կերպարով:

Իհարկե, Հայաստանում էլ կան շատ սրբակենցաղ քահանաներ, բայց ժողովուրդը միշտ փնտրտուքի մեջ է, միշտ ուզում է փնտրել, տեսնել մի կերպարի, ժամանակի հերոսի, հոգեւոր, բարոյական օրինակելի մի կերպարի, որի հետեւից ինքը կարող է գնալ ու կառուցել իր կյանքը՝ դարձնելով հոգեւոր-բարոյական առումով ավելի լավը, ավելի բարեկեցիկ: Դրա համար պետք են անձիք, որոնց հետեւից ժողովուրդը կարող է գնալ ու կարող է ոգեշնչել»,- ասաց Տեր Հովսեփը:

Բանախոսի ասելով, մարդիկ շատ խանդավառված էին, նույնիսկ նրանք, որոնք եկեղեցում չեն հաղորդվում, չգիտեն ինչ է նշխարը, այդ օրը եկել էին ու ուզում էին նշխար ստանալ:

Ըստ Տեր Հովսեփի, մարդկանց ընկալմամբ, Հռոմի պապի շուրթերից հնչածն այլ աղոթք է, որովհետեւ մարդկանց համար մեծ նշանակություն ունի հոգեւորականի կերպարը: «Պատկերացրեք տղամարդ, որը հազիվ է կարողանում իր ընտանիքը պահել, հազիվ է կարողանում օրվա հացը վաստակել, եկել, հայտագրվել է, հրավիրատոմսը ձեռք է բերել, որ գա, կանգնի արեւի տակ, այդ պայմաններում, երբ որ բոլորի համար, ցավոք, չկարողացանք ապահովել նստելու տեղ, կանգնի, որպեսզի գոնե ընդամենը Քահանայապետի ժպիտը տեսնի, անմիջական շփման վայելքը ունենա:

Երբ որ Քահանայապետն իր պապամոբիլով անցավ, բոլորն ուզում էին նրա օրհնությունը ստանալ, ձեռքով իր կողմը խաչակնքեր, շփվեր, մի խոսք ասեր, որովհետեւ տեսել են, գիտեն, որ այս Սրբազան Քահանայապետի համար հասարակ մարդկանց հետ շփումը շատ կարեւոր է: Նա, առավել քան իր նախորդները՝ վճռական է տրամադրված եկեղեցու սերը եւ հոգածությունը կոնկրետ ձեւերով դրսեւորելու»:

Ըստ Տեր Հովսեփի, երբ Հռոմի պապը խոսում է մարդկանց հետ, գրկում, համբուրում է հաշմանդամներին, նա կենսական լիցք է տալիս մարդկանց. նրանք թեկուզ սոցիալական բարելավման սպասելիքներ չունեն, բայց սկսում են հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Բանախոսի տեղեկացմամբ, շատերը հրապարակ էին բերել իրենց հիվանդ երեխաներին, որպեսզի հոգեւոր մթնոլորտը վայելի, Քահանայապետի ձեռքը դիպչի իր երեխային ու պապի օրհնությունը ստանա: Ըստ նրա, 20 տարուց ավելի տառապանքից հետո հոգեբանական մեծ կարիք կա սիրո, իսկ պապը եկել էր սեր տալու: Նա այդ օրը, պատարագի ժամանակ ասաց, որ սերը քրիստոնյայի այցեքարտն է:

«Սրբազան Քահանայապետի դիրքորոշումը, քայլերն աչքերին փոշի ցանելու միջոց չեն, շոու չեն, պապը իմիջմեյքեր չէ, պապը անում է այն, ինչը որ սովորեցնում է Քրիստոսը, ինչ որ պատվիրում է Ավետարանը, ինչը որ դարեր շարունակ սովորեցրել է եկեղեցին: Հիմա միգուցե ավելի կոնկրետ դրսեւորումներ ունի եկեղեցին եւ սոցիալական վարդապետությունը եկեղեցու, այսինքն` այն ուսմունքը, որը փորձում է տալ պատասխաններ մարդուն հուզող բոլոր խնդիրներին:

Պատահական չէ, որ Սրբազան Քահանայապետին համարում են մարդու իրավունքների թիվ 1 պաշտպան, աշխարհի խղճի ձայն, որովհետեւ ամենուրեք պապը դատապարտում է կոռուպցիան, դատապարտում է սոցիալական անարդարությունը, աղքատության պատճառները ու միշտ աղքատների կողքին է: Ուր էլ որ գնա ինքը, էլիտար հանդիպումներից աշխատում է խուսափել, այցելում է ծայրամասերը, գավառները, որտեղ մարդիկ ավելի քիչ ուշադրության են արժանանում»,- ասաց Տեր Հովսեփ քահանա Գալստյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930