«Մեծ Բրիտանիան հեշտությամբ չի հաղթահարելու, կարծում եմ՝ ընդհանրապես չի հաղթահարելու»,- հունիսի 29-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուն, ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա չի պատկերացնում, թե Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս ինչպես կարող է իր կազմում պահպանել Շոտլանդիան. «Եվ շոտլանդական ազգայնականները, ես համոզված եմ, որ կփորձեն նաեւ պոպուլիստական ճանապարհներով հասնել նրան, որ լինի նոր հանրաքվե: Եվ այդ հանրաքվեի արդյունքները ինձ համար կանխորոշված են: Շոտլանդիան կորոշի Մեծ Բրիտանիայից դուրս գալ, եթե մոտակա ժամանակներում լինի նոր հանրաքվե»:
Բորիս Նավասարդյանը համարում է, որ Մեծ Բրիտանիայի ներսում կսրվեն սոցիալական հարաբերությունները՝ երիտասարդ եւ տարիքով ավելի մեծ սերունդների միջեւ. «Երիտասարդները շատ պասիվ մասնակցություն են ունեցել հանրաքվեում, երեւի կարծելով՝ եղածը մի բան չէ, բայց փոխել էլ պետք չէ, ավելի լավ է չմասնակցել: Երիտասարդության հիմնական տրամադրություններն այդպիսին էին, բայց ի վերջո արդյունքներից իրենք դժգոհ են: Այսինքն՝ ավելի շատ տարիքով մարդիկ, կենսաթոշակառուները, նրանք են այս հանրաքվեում հիմնական որոշում կայացնողները, եւ նրանց մեջ կսրվեն հարաբերությունները, դա լուրջ սոցիալական հակասությունների կարող է բերել Մեծ Բրիտանիայում: Այսինքն՝ իրոք բացվել է պանդորայի արկղը՝ փորձելով շանտաժի ենթարկել Եվրամիությանը եւ անընդհատ հանրաքվեով վախեցնելով Եվրամիությանը՝ փորձում էր իր հարցերը լուծել, բայց ի վերջո հենց իրենք իրենց ստեղծած թակարդն ընկան»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ