Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի պլանն ուժի մեջ է

Հունիս 29,2016 16:55

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) Նարինե Մկրտչյանի հեղինակած «Ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա» խորագրով զեկույցի հրապարակումից հետո ծավալված քննարկման ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության տրամաբանության փոփոխությանը, նշեց. «Սա հիմա լրիվ այլ հակամարտություն է: Հիմա արդեն խաղաղության համաձայնագիր պետք է ստորագրվի Ստեփանակերտի և Բաքվի միջև: Անվտանգության որևէ այլ կարգավիճակի մասին, քան ԼՂՀ անկախության, պետականության ճանաչումն է, հիմա չի կարող խոսք լինել: Սրա մասին ապրիլի 3-ից եմ ասել»:

Դառնալով անվտանգության գոտու մասին խոսակցություններին`պարոն Շահնազարյանը հիշեցրեց, թե ժամանակին ինքն է եղել ինտենսիվ բանակցությունների մեջ, և հավաստիացրեց, որ դա ոչ միայն անվտանգության գոտի է. «Մենք այն ժամանակ տալու բան չունեինք. բանակցություններում պետք է տալու բան ունենաս: Այնպես որ, սա ոչ միայն անվտանգության գոտի էր, սա նաև ենթադրում էր, որ անվտանգության դիմաց պետք է զիջումների գնալ, ինչը ՀՀ բոլոր նախագահներն ասել են»:

Անդրադառնալով 800 հեկտարի մասին խոսակցություններին`պարոն Շահնազարյանն ասաց. «Այն, որ ռուս-ադրբեջանական այդ նախաձեռնությունը` պլանը, տապալվել է, փաստ է: Ըստ այդ պլանի` Ադրբեջանն առնվազն երկուսից-երեք շրջան պետք է գրավեր, պատրաստ էին 1700-1800 փախստականներ, որոնք պետք է բնակավայրեր վերադառնային և ամբողջ աշխարհի մամուլով ցուցադրվեր, դրանից հետո ռուսական զորքերը պետք է մտնեին, մեզ փրկեին: Երբ ասում են Լավրովի պլան, դա, ըստ էության, ռուս-ադրբեջանական վաղուցվա պայմանավորվածություն է, ուղղակի մի բան չեն ասում, որ անպայման պետք է ռուս խաղաղապահներ տեղակայվեին: Բայց այս պլանը մինչև այս պահը ուժի մեջ է»:

Ներկայիս բանակցային գործընթացում ըստ Դավիթ Շահնազարյանի`.շատ բան գաղտնի է պահվում. «Գոնե ինձ համար ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է գնալ իրավիճակի փոփոխության, եթե ստանա ավելին, քան ունի այս 25 տարիների ընթացքում. դա ռուսական զորքերի տեղակայման հարցն է»:

Դավիթ Շահնազարյանը ցավով նշում է, որ ապրիլյան պատերազմից լուրջ հետևություններ չարեցինք. «Ի՞նչ է նշանակում 800 հեկտարում կարևոր բան չկար: Իհարկե, կար, այդ գիծը նույնիսկ զինվորականներ էին գծել` բարձունքից բարձունք, դիրքից դիրք: Իհարկե, կորուստներ ենք ունեցել, բայց դրամատիկ չեմ ուզում ներկայացնել այդ ամենը. պատերազմ է եղել, կորուստներ էլ կլինեն: Ապրիլյան պատերազմը սեպտեմբերի 3-ի հետևանքն է»:

Պարոն Շահնազարյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում վստահեցրեց, որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր շահ չունի, ընդհակառակը, մեր շահերը հակասում են: Ըստ պարոն Շահնազարյանի` Ռուսաստանը չի փոխվել. քսան թվին էլ էր զինում Ադրբեջանին. «Մենք ունենք 200 միլիոնի քոսոտ զենքերի մի պայմանագիր, բայց դա էլ մեզ չի տրվում: Հարցն այն է, որ ՌԴ-ն ամբողջապես սատարում է Ադրբեջանին, և հիմա Թուրքիայի հետ հարաբերությունները շատ արագ են վերականգնվելու: Սա ինձ հիշեցնում է Լենին-Աթաթուրք դաշինքը: Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքը, որը խախտվել է, հիմա վերականգնվում է»:

Լուծումներ առաջարկելով` Դավիթ Շահնազարյանը վստահեցրեց, որ Հայաստանի տեղը ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ԵՏՄ-ն չէ. «Մեզ անհրաժեշտ է ռազմավարական հարաբերություններ հաստատել Վրաստանի հետ. աշխարհաքաղաքական այն զարգացման ուղին, որն ընտրել է Վրաստանը, դա է միակ ուղին, որտեղ ՀՀ-ն կարող է պահպանել իր ինքնիշխանությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930