«Հարցրեք ձերբակալողներին»,-Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին լրագրողների հարցին այսօր «Եռաբլուրում» պաշտպանության նախարարն այսպես արձագանքեց: Նկատառմանը, թե Սեֆիլյանը ապրիլյան ռազմական գործողություններում կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով կամավորների էր հավաքագրում, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում` ԼՂՀ առկայության պայմաններում, երբ կան իշխանություն, անվտանգային համակարգ, ՀՀ-ի իշխանության եւ բանակի առկայության պայմաններում անհրաժեշտություն կա՞, որ կամավորական ջոկատներն ինքնուրույն որոշումներ ընդունեն` ինչ-որ խնդիրներ կատարելու համար: Բանակի եւ ռազմաքաղաքական ղեկավարության համար դա անընդունելի է»:
Սեյրան Օհանյանի հավաստիացմամբ. «Անհրաժեշտության դեպքում, եթե վաղը պետք լինի զինվորագրվել, այդ ժամանակ մենք չենք էլ լսելու` իրենք պե՞տք են, կգա՞ն, թե՝ ոչ: Բոլորը, ըստ տարիքային շեմի, հավաքագրվելու են եւ գնալու մեր հայրենիքը պաշտպանելու»:
Նախարարի հավաստիացմամբ. «Զինված ուժերի եւ Արցախի բանակի ղեկավարությունն իրենց առջեւ դրված խնդիրը պատշաճ իրականացնում են: Պետք չէ, որ կողքից փորձեն խանգարել: Պետք չեն տարբեր վերլուծություններ, կլոր-սեղաններ, որոնք նաեւ որոշակի գաղտնիքներ են բացահայտում: Իսկ ռազմական գաղտնիք բացահայտել` նշանակում է ջուր լցնել թշնամու ջրաղացին: Բանակի ղեկավարությունը գիտի` ինչ անել, որտեղ եւ ինչպես»:
Կարդացեք նաև
Խոսելով պաշտպանական գերատեսչությունում կոռուպցիայի դեմ պայքարից` Սեյրան Օհանյանն ասաց. «Իմ պաշտոնավարման ընթացքում շուրջ 140 հոգի` գնդապետից բարձր պաշտոններից ազատվել են, 60-ը` այն պաշտոններից, որոնցում պարունակվել են կոռուպցիոն ռիսկեր»:
Հարցին` հայկական բանակը կկարողանա,՞ արդյոք, պայքարել ադրբեջանական ԱԹՍ-ների դեմ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում ասել` ասեմ այո՞, թե` ոչ…Մենք ի վիճակի ենք մեր առջեւ դրված խնդիրները եւ պաշտպանությունն իրականացնել: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ զինված ուժերն իր իրավասությունների շրջանակում, եւ ԼՂՀ ՊԲ-ն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում են: ԶՈՒ զարգացման պլանը, որը կազմել ենք, համընկնում է այս մարտական գործողությունների բնույթին»:
Օհանյանը հավելեց, որ համապատասխան աշխատանքներ են իրականացվում` ապրիլյան պատերազմում ի հայտ եկած բացթողումները հետագայում բացառելու ուղղությամբ: Նախարարը նաեւ նշեց, որ ՊՆ-ՏՏ ոլորտի ընկերություններ գործակցությունը ներկայումս ընդլայնվում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ