Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Կա պարզապես բնական պահանջ, ցանկություն՝ չլինել սպանված գործընկերոջ կողմից վաճառված զենքով

Հունիս 29,2016 16:36

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը խորհրդարանում «2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը» վավերացնելու մասին հարցի քննարկման ընթացքում

Քննարկում ենք Ռուսաստանի Դաշնության հետ կնքված հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագիրը։ Եվ ես ուղղակի մտովի ետ գնացի ապրիլյան պատերազմի օրերը, երբ թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանության տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ռուսաստանի Դաշնության կողմից զենքի վաճառքի խնդիրը և քննադատում այն։ Սակայն իշխանության ներկայացուցիչների կողմից հնչում էին նաև հայտարարություններ, որ դա բիզնես է և որ մենք ինչ կարող ենք անել։ Այսինքն՝ դա ասում էին ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի պաշտոնյաները։

Պատկերացրեք, որ այս համաձայնագիրը քննարկվեր մի մթնոլորտում կամ ժամանակահատվածում՝ օրինակ ապրիլի վեցին, յոթին կամ տասին, երբ Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարությունը հայտարարություն տարածեր, որ քննարկելով Հայաստանում եղած իրավիճակը, բարձրաձայնված խնդիրները, զենքի մատակարարման և սպասարկման դադարեցման գրավոր պահանջը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային իրավունքի լույսի ներքո թույլ է տվել ագրեսիայի ակտ, միջազգային մարդասիրական նորմերի խախտումներ, իրեն պահել է ինչպես Իսլամական պետության ահաբեկչական խմբավորում, թույլ է տվել Մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ Ռուսաստանը դադարեցնում է մատակարարված զենքի սպասարկումը և ապագայում նաև զենքի վաճառքն ու մատակարարումը, ինչպես նաև չեղյալ հայտարարում գործող համաձայնագրերը։ Ինչպիսի՞ քննարկում կլիներ հայկական պառլամենտում այսօր. կլիներ որոշակի վստահության մթնոլորտ, խորհրդարանի մուտքի մոտ բողոքող ցուցարարներ չէին հավաքվի, մամուլում այդքան քննարկումներ չէին լինի, կորսված վստահությունը կվերականգնվեր։

Միակ փաստաթուղթը, որ Հայաստանի Հանրապետությունից գնացել է Ռուսաստանի Դաշնություն և Իսրայելի Հանրապետություն՝ ուղղված երկրի ղեկավարությանը, իմ նամակն է եղել։ Այնտեղ ես միջազգային իրավունքի նորմերի շրջանակում հիմնավորել եմ, թե ինչու է պետք դադարեցնել զենքի մատակարարումը և սպասարկումն Ադրբեջանին։ Ու մեր որևէ դիվանագիտական խողովակով նմանատիպ որևէ փաստաթուղթ չի ուղարկվել։ Ռուսաստանի Դաշնությունից ստացել եմ նամակ այն մասին, որ իմ նամակը ստացել են և հետո կպատասխանեն՝ նամակ, որ նամակը ստացել են, բայց մինչև հիմա չեն պատասխանել (հունիս ամիսը շուտով կավարտվի)։

Երբ հիմա և այստեղ քննարկում ենք հետագա համագործակցության հարցը, պարզ է, որ վստահություն չկա։ Օրինակ, կան մարդիկ, որ ուզում են բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, բոլորի ընկերը լինել։ Բայց այդպես չի լինում կյանքում։ Ինչ-որ մարդկանց ընկեր են լինում և ինչ-որ մարդկանց ընկերը չեն լինում։ Նույն կերպ Հայաստանը չի կարող լինել Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, բայց Ադրբեջանն էլ լինի ռազմավարական գործընկեր։ Չի լինում այդպես այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են միմյանց դեմ։ Կամ Ադրբեջանին վաճառում են զենքեր, որ այլ երկրներ դա չեն անում։ Ռուսական կողմի այն փաստարկը, որ Ադրբեջանն այդ զենքը կգնի ուրիշներից, եթե մենք չվաճառենք՝ միֆ է։ Չկա նման բան։ Ավելին՝ Մինսկի խմբում համանախագահող երկիրը, որը ծառայում է հաշտությանը, չի կարող հարձակողական զենք վաճառել. կարող է միայն պաշտպանողական զենք վաճառել կողմերին։ Բայց վաճառվում է այդ հարձակողական զենքը՝ զենք, որը կարող է այրել հեկտարներով տարածքներ, այդ տարածքների վրա եղած մարդկանց ու ամեն ինչ։

Ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի են ունեցել ռազմական հանցագործություններ։ Այդ խնդիրը բարձրաձայնվել է և պահանջ է հղվել Հայաստանի ԱԳՆ-ին նաև իմ կողմից, որ ՄԱԿ-ի մեր խողովակներով այդ հանցագործությունների մասին հնչեցվի։ Ես այդ պահանջները նպատակային բարձրացրել եմ և երկու ամիս սպասել, որ հետո հարցնեմ՝ ի՞նչ եք արել, ու՞ր են արդյունքները, ո՞ր խողովակով եք դիմել, ո՞ր մարմնին եք դիմել։

Այս պահին միայն Եվրոպական դատարանում կան գործեր, դրանք էլ անհատական դիմումի և գանգատի շրջանակներում են։ Նմանատիպ գործերի հետքերով ես ինքս 2010-2011 թվականներին գնացել եմ Հաղարծին գյուղ, գտել Արթուր Բադալյանի տունը, որին 18 ամիս գերության մեջ են պահել ու գործը ներկայացրել Եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի։ Ես ընդամենը փաստաբան եմ, իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, և պետությունը ոչինչ չի արել դրա համար։ Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է որպես երրորդ կողմ՝ ընդդեմ Ադրբեջանի։ Եթե ես չգնայի և չգտնեի այդ մարդուն և չվերցնեի այդ դիմումը, փաստեր չհավաքեի ու չներկայացնեի Եվրոպական դատարան, այդ գործն էլ չէր լինի։ Հիմա այդ հարցը բարձրացվել է պետական մակարդակում։ Ի՞նչ է արվել: Իմ տվյալներով՝ ոչինչ։ Այսօր կրկին կփորձենք ճշտել:

Ես այս համաձայնագրի բովանդակությունը չեմ ցանկանում քննարկել։ Դա ինձ չի հետաքրքրում, որովհետև նախ և առաջ վստահության խնդիր կա։ Ես չգիտեմ մեկ այլ օրինակ, որ որևէ երկրի ռազմավարական գործընկեր պետությունը, այդ երկրին թշնամի պետությանը հարձակողական զենք վաճառի։ Փակ նիստի ընթացքում մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր ռուս գործընկերների հետ նույնիսկ օրինակներով։ Նրանք մեզ ասում էին՝ դուք էմոցիոնալ եք։ Մենք ժամանակին մեր մտահոգությունների մասին խոսել ենք, նրանք մեկնել են և հիմա ոչինչ չկա։ Պետք է համատեղ հայտարարություն ընդունեինք, դա էլ չընդունվեց։ Տեքստը ուղարկել ենք, որ քննարկեն, հետ չի եկել, որ ընդունենք։ Սա է մնացել ռազմավարական գործընկերությունից։

Վստահությունը վերականգնելու համար ես ասում եմ՝ այս քննարկումն այլ ձևով կարող էր ընթանալ, եթե Ռուսաստանն ասեր, որ իրենք ռազմական հանցագործություններ իրականացրած պետությանն այլևս չեն տեսնում որպես զենքի մատակարարում ստացող պետություն և խզում են բոլոր պայմանագրերը։ Սա իրավական գործընթաց է։ Կարիք չկա Ալիևի մասին տարատեսակ հայտարարություններ անել և հարցազրույցներ տալ։ Պետք է իրավական գործընթաց սկսել՝ գլխատումների մասով, քաղաքացիական բնակչությանը սպանելու մասով, արգելված զենքեր կիրառելու մասով։ Այս ուղղություններով ոչ մի բան չի արվել, որովհետև եթե արվի, կբախվենք մի խնդրի, որին մասնակից է նաև մեր ռազմավարական գործընկերը։ Դրա համար էլ որևէ գործընթաց չի սկսվում, հակառակ դեպքում՝ պատասխանատվության հարց է առաջանալու։

Այլ տարբերակ չեմ տեսնում: Ես կարող եմ տեսնել ցանկացած համագործակցություն միայն վստահությունը վերականգնելուց հետո։ Իսկ վստահությունը կարող է վերականգնվել միայն իմ կողմից նշված գործողությունների արդյունքում՝ երբ կդադարեցվի զենքի մատակարարումն Ադրբեջանին և մատակարարված զենքի սպասարկումը Ռուսաստանի Դաշնության կողմից։ Սա է տարբերակը։ Եթե կարիք կա, անհրաժեշտություն կա համագործակցությունը խորացնելու կամ ամրապնդելու, ապա դրան խոչընդոտող հակառուսականության խնդիր չկա։ Կա պարզապես բնական պահանջ, ցանկություն՝ չլինել սպանված գործընկերոջ կողմից վաճառված զենքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930