Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ղարաբաղյան հիմնախնդիրը և դրա ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա» թեմատիկ զեկույցի ներկայացման ընթացքում նշեց. «Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով հասել է ծայրահեղ վտանգավոր սահմանի. մնում է կես քայլ, և Ղարաբաղյան գործոնը կարող է հերթական անգամ իշխանափոխության պատճառ դառնալ: Ղարաբաղի և ազատագրված տարածքների հանձնմամբ հնարավոր չէ իշխանության պահպանման հարց լուծել, դրանով լուծվելու է իշխանության հանձնման հարցը»:
Փաստելով, որ վերջին շրջանում իշխանության, հանրության և քաղաքական ուժերի միջև կոնսենսուս է ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության շուրջ` Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը նշեց. «Բոլորս միակարծիք ենք Ղարաբաղի հարցում, հասարակությունը ևս: Եթե մենք վերցնենք ղարաբաղյան հարցը որպես քաղաքական գործոն ավելի լայն համատեքստով, ապա բոլորս համաձայն ենք նրան, որ հանուն Ղարաբաղի մեզ թալանել են, հանուն Ղարաբաղի ստեղծվել է օլիգարխիկ համակարգ: Բոլորս համաձայն ենք նրան, որ ստեղծվել է շաքարի մենաշնորհ հանուն Ղարաբաղի: Երբ հարցնում են, թե ինչու է մեզ մոտ բենզինի գինը բարձր, Շաբոյանն ասում է պետական գաղտնիք է. դա էլ հանուն Ղարաբաղի: Հանուն Ղարաբաղի մեզ մոտ եղավ սև սեպտեմբերի 3-ը»:
Պարոն Ենոքյանը նկատեց, որ հողերի հանձնման հետ կապված շատ վտանգավոր ական է դրված իշխանությունների տակ, որը պետք է պայթի:
Դառնալով այն հարցին, թե ինչու չի լուծվում ղարաբաղյան հակամարտությունը` Աղասի Ենոքյանը հայտարարեց. «Որևէ իշխանություն, որը կգնա ղարաբաղյան խնդրի լուծման, ինչը միշտ ենթադրում է ինչ-որ տարածքային զիջումներ, այդ իշխանությունը պետք է հեռանա: Սա է հիմնական խնդիրը, որ այսօր ղարաբաղյան խնդիրը չի լուծվում, քանի որ որևէ իշխանություն չի ուզում գնալ ինքնասպանության»:
Կարդացեք նաև
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը Ժիրայր Սեֆիլյանի և Սամվել Բաբայանի հետ կապված վերջին զարգացումները ևս կապում է ղարաբաղյան հակամարտության հետ. «Սրանք ներքին նշանակության իրադարձություններ են, թեև ասում են, որ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը կապված է քրեական հանցագործության հետ, բայց ես վստահ եմ, որ դա ներքաղաքական և անմիջականորեն Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապ ունեցող իրադարձություն է»:
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը նկատեց, թե ֆունկցիոնալ առումով Ղարաբաղի հարցը փոփոխություն է կրել: Հակամարտությունը դիտարկելով ԵՏՄ-ի`որպես աշխարհաքաղաքական նախագծի ընդլայնման տեսանկյունից` պարոն Եղիազարյանը նշեց. «Ղարաբաղը խոչընդոտ է հանդիսանում ԵՏՄ ընդլայնման ճանապարհին»:
ՄԱՀՀԻ փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը ներկայացրեց հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները. «Հարցումները ցույց են տալիս, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը առաջին հնգյակում է` սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կողքին»:
Սյուզաննա Բարսեղյանը նկատեց, թե իշխանությունը մանիպուլացրել է հասարակությանը. «Զիջումների գնալ` հանուն Ղարաբաղի, ժողովրդավարական գործընթացներից հետ մնալ` հանուն Ղարաբաղի կամ սոցիալ-տնտեսական զրկանքներ կրել հանուն Ղարաբաղի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ