«Ամենամեծ պատճառը պոպուլիզմի հաղթարշավն է աշխարհով մեկ»,- հունիսի 29-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուն, ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա նշեց, որ արդյունքում Գերմանիան Եվրամիությունում շատ ավելի կարեւոր դիրք կստանձնի: Ըստ նրա, Եվրամիության համար երկու այլընտրանք կա՝ կա՛մ Եվրամիությունը կփորձի ավելի թուլանալ, որպեսզի մյուս անդամները չուզենան նման քայլեր կատարել, ավելի փափուկ կառույց կդառնա, կա՛մ Եվրամիությունը իր դիրքերը պետք է ամրապնդի: Քաղաքագետը համարում է, որ երկրորդ տարբերակն է գերիշխում. «Կարծես թե հակված չեն Անգլիայի հետ խաղեր տալ, թո՛ղ փորձի Մեծ Բրիտանիան որոշել, թե սրանից հետո ինչ քայլեր պետք է ձեռնարկել»:
Անդրադառնալով հարցին, թե այս իրավիճակը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ կառավարական շատ ծրագրեր կփակվեն, որովհետեւ ֆինանսավորվում են Եվրոպայից. «Գոնե այս պահին կարծում եմ Եվրամիությունը կփորձի փոքր-ինչ ֆինանսական կրճատումների գնալ: Բայց իհարկե՛, հետագայի համար ես չեմ կարծում, որ սա մեծ ազդեցություն կունենա մեզ վրա: Մեծ ազդեցությունը կլինի այն, որ իմ կանխատեսմամբ, ավելի ուժեղ Եվրոպայի հետ մենք գործ կունենանք: Իհարկե՛, Եվրոպան կխստացնի իր պահանջները, իր պայմանները անդամության համար, անդամների համար, սա ուղղակի կտաներ նրան, որ եթե կան դեպի Եվրոպա շարժվելու ցանկություն ունեցող քաղաքական ուժեր կամ հասարակական խմբեր, իսկ այդպիսիք կան, այնուամենայնիվ, Հայաստանի համար կդժվարանա այդ քայլը կատարել դեպի Եվրոպա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ