«Մենք կողմ ենք այս փոփոխություններին, բայց դա չի նշանակում, որ մենք կողմ ենք ընդհանուր օրենսգրքին: Չհամաձայնեցված հարցերը դեռ շատ են, օրինակ, բաց համամասնական համակարգը»,- ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտարարեց, որ եթե հաջողվի իրականացնել այդ քաղաքական համաձայնությունը՝ իսկապես շատ կարեւոր քայլ կլինի եւ իրենք կողմ են քվեարկելու:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ ես կողմ եմ Ընտրական օրենսգրքի բարելավմանը, բայց կներեք, այս եթե-ով նախագծին ես չեմ կարող կողմ քվեարկել, դեմ եմ քվեարկելու:
Խաչատուր Քոքոբելյանն էլ վստահեցրեց. «Նույնիսկ 100 տոկոսանոց ընտրության դեպքում այս ԸՕ-ն հնարավորություն չի տա ունենալ այն պատկերը, որը քվեարկության արդյունքում կարող է ձեւավորվել: Ես դեմ եմ քվեարկելու, համարում եմ սա կոսմետիկ փոփոխություններ»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Ես մտածում եմ դիտմամբ էլ փոխեցինք, պիտի թողեինք հին օրենսգիրքը, որը առավել էր, քան էս մեկը, սենց էլ առաջ գնանք»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի դիտարկմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները իրականում մեկ քայլ առաջ են: «Համախմբում» կուսակցության անդամները կողմ են քվեարկելու այս փոփոխություններին: Նա ասաց, որ բաց համամասնական ցուցակները վերանայման կարիք ունեն:
Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեցին 106 կողմ, 6 դեմ արդյունքներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ