ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի համոզմամբ՝ եթե Հայաստանը չմիանար Եվրասիական տնտեսական միությանը, մեր վիճակն ավելի վատ կլիներ: Այս մասին այսօր պարոն Գաբրիելյանն ասաց լրագրողների հետ զրույցում, նախքան «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության մեկնարկելը:
Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանելով այն հարցին, որ արդեն 2-րդ տարին է, ինչ Եվրասիական տնտեսական միությունում առեւտրի ցուցանիշների անկում կա, եւ արդյոք արդարացվա՞ծ է Հայաստանի անդամակցումն այդ միությանն, ասաց. «Դուք տեսել եք նույն ֆենոմենը, ինչ- որ առկա էր Հայաստանում 2015 թվականին՝ մենք ունեինք տնտեսական աճ՝ սպառման անկման պարագայում, առկա է նաեւ Եվրասիական տնտեսական միությունում: Դա բացատրվում է տարածաշրջանային եւ համաշխարհային շուկայի կառուցվածքային գործոններով: Մասնավորապես նավթի գնի փոփոխությունների, փոխարժեքի անկման. այս գործոններով պայմանավորված պառման մակարդակը բոլոր երկրներում ունի շոկ, եւ այդ շոկը տարիների ընթացքում է մարում, որովհետեւ այն բավական լուրջ է»:
Փոխվարչապետի ներկայացմամբ՝ սպառման նվազումը որոշակիորեն անդրադարձել է ընդհանուր տնտեսական սպառման վրա, սակայն արդեն առկա են կայունացման միտումներ:
Պարոն փոխվարչապետը վստահեցրեց, որ վիճակագրական տվյալներով վերջին հինգ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մանրածախ առեւտուրը, Գաբրիելյանի խոսքերով՝ կամաց-կամաց կարգավորվում է:
Կարդացեք նաև
Պարոն Գաբրիելյանը վիճակագրական ծառայության թվերից խոսելիս, պատահաբար, թե ենթագիտակցորեն, լեզվի սայթաքում թույլ տվեց: Նախքան ԱՎԾ-ի թվերը մեջբերելը, Գաբրիելյանն ասաց՝ սպասվում է կայունություն, ապա անմիջապես ինքն իրեն ուղղեց եւ ասաց՝ նկատվում է: «Եթե նայեք վիճակագրական ծառայության թվերը, կտեսնեք, որ 2016 թվականին արդեն մեզ մոտ վերջին ամիսներին սպասվում է, ըըը… նկատվում է կայունություն»-,-ասաց Գաբրիելյանը:
Այս սայթաքումն ուշագրավ է նրանով, որ տնտեսագետներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես բարձրաձայնում են՝ ազգային վիճակագրական ծառայությունը զբաղված է թվանկարչությամբ եւ, հատկապես տնտեսական աճի ճիշտ ցուցանիշներ չի ներկայացնում:
Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունը վերլուծություն է կատարել եւ պարզել՝ եթե չլիներ Եվրասիական տնտեսական միությունը, վիճակն ավելի վատ կլիներ. «Որովհետեւ այն ազդեցությունը, որն ունի տնտեսական գործոնը՝ մասնավորապես էներգակրի գների նվազումը, դրա հետ կապված ԵՏՄ-ում բնակչության եկամուտների նվազումը եւ մնացած գործոնները՝ փոխանցումների նվազումները, անկախ նրանից լինեինք ԵՏՄ-ում, թե ոչ, ազդելու էր Հայաստանի տնտեսության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, այդ ազդեցությունը թուլացել է: Այս առումով, իհարկե, մենք ունեինք ավելի բարձր սպասելիքներ, բայց բարձր սպասելիքները տնտեսական իրողության հետ, եւ անդամակցությունը մեղմացրել է այն հարվածը, որ մենք ստացել ենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լրիվ նույն բաները կասի այս մարդը, եթե իր ղեկավարությունը այլ քաղաքական ուղղության հարի: Պարզ չի՞: