Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյան. Պահանջարկի դեպքում ոչ թե ավիատոմսերն են թանկացնում, այլ չվերթներն են ավելացնում (Տեսանյութ)

Հունիս 29,2016 14:53

Սոչի-Երեւան ավիատոմսն այս օրերին արժե 300 դոլար, երկու ուղղությունը` Սոչի-Երեւան-Սոչի` կրկնակի` 600 դոլար: Երեւան-Մոսկվա ավիատոմսը նույնպես զգալի թանկացել է` դառնալով 400 դոլար: Ավիատոմսերի թանկացումը բացատրվում է այս սեզոնին պահանջարկի մեծացմամբ, սակայն ՀՀ Քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը գտնում է, տնտեսագիտության տրամաբանությամբ, պահանջարկի դեպքում չվերթների քանակը պետք է ավելացնել, այլ ոչ թե տոմսերը թանկացնել:

Պարոն Պետրոսյանի համոզմամբ, Հայաստանի ավիաշուկան այնքան ժամանակ խելքի չի գա, մինչեւ որ Ռուսաստանին տրված մենաշնորհային դիրքը չվերանա: Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Շահեն Պետրոսյանն ու Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը մեկնաբանեցին, թե ինչո՞ւ են հարեւան երկրների համեմատությամբ ավիատոմսերը թանկ, ուղեւորափոխադրումների ծավալներն էլ` մի քանի անգամ պակաս:

Պարոն Պողոսյանը գտնում է, որ ավիաընկերություններին մատուցվող ծառայությունները` սկսած սնունդից, թանկ են մրցակցության բացակայությունից:

Շահեն Պետրոսյանն արձագանքեց` իմ ժամանակ այդ ծառայությունները մրցակցային էին:

Արմեն Պողոսյանի խոսքերով, մեր երկրում չկա տնտեսական քաղաքականություն, կա` կարկատանային քաղաքականություն. «Ֆիննախը, կառավարությունը, որոշումներն ընդունում է առանց հանրային կարծիքը լսելու, եթե լինեն մշակված, համակողմանի ու համալիր մշակված որոշումներ, այս պատկերը չի լինի»:

Շահեն Պետրոսյանի խոսքերով կառավարության` բաց երկնքի քաղաքականությունն ուղղակի գոյություն չունի եւ այն 7-8` դեպի Հայաստան թռչող ռուսական ավիաընկերությունները, «գալով հանցավոր համաձայնության», գները բարձրացնում են:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են հեռանում միջազգային հեղինակավոր ավիաընկերությունները Հայաստանից, արդյոք այն պատճառո՞վ, որ ՀՀ քաղավիացիան, «նալոգներ» է դնում եւ «սեւով» մասնաբաժին պահանջում, ինչպես որ մամուլում լուր եղավ «Լյուֆթհանզայից» կաշառք պահանջելու մասին, Շահեն Պետրոսյանն ասաց. «Չեմ կարող հաստատել, բայց Ավստրիական ավիաընկերության ստեղի տնօրենն այն ժամանակ ինձ մոտեցել է եւ խնդրել, որ ես իրեն աջակցեմ, որ քաղավիացիայի նախկին պետ Երիցյանն իրենից կաշառք չուզի»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Պետրոսյանը պարտադիր է համարում երկրի համար սեփական ավիաընկերություն ունենալը` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Ըստ նրա, Հայաստանն ունի դրա հնարավորությունը եւ 50 միլիոն դոլար ներդնելու դեպքում այդ հարցը կլուծվի:

Հարցին, թե ինքը որ երկրով է նախընտրում թռչել, պարոն Պետրոսյանն ասաց` որտեղով որ ավելի էժան է: Նրա խոսքերով 90-ականներին Վրաստանից էին գալիս Հայաստանից թռչելու, իսկ հիմա լրիվ հակառակն է:

Շահեն Պետրոսյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է պետք ազգային ավիափոխադրող ունենալ. «Հիշեք երկրաշարժի ժամանակ, վերջին պատերազմը»:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    երեւան Մոսկվա ուղղությամ հուլիսի 7-ի համար 130 եւրոյից սկսած տոմս կա: Իսկ Երեւան Սոչին՝ 170եւրոյից սկսած:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930