ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան այսօր ԱԺ-ում ՌԴ-ի հետ ստորագրված հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ հիշեցրեց, որ 1995-ին ինքն էլ է ստորագրել ՌԴ-ի հետ ռազմաօդային համագործակցության պայմանագիր. «Ես ՌԴ-ի հետ համագործակցությանը դեմ չեմ, բայց դա պետք է լինի արժանապատիվ: Երբ որ մենք ստորագրել ենք դա, մենք ստորագրել ենք ընդհանուր կանոններ: Ռուսների հետ դեպքերը հակասական են: Բազմաթիվ դեպքեր կան, երբ ռուսները մեզ օգնել են, փրկել են, բայց բազմաթիվ դեպքեր կան, որ մենք ընդհանրապես քաշվել ենք»:
Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ 70 տոկոսով պայմանագիրը համագործակցության մասին է եւ հնարավոր է մեծացնում է մեր հնարավորությունները. «Բայց հնարավոր է պայմանագիրը գործնականում շուռ գա, որովհետեւ այսօր հայ-ռուսական հնարավորությունների վատթարացում կարող է լինել»:
Հրանտ Բագրատյանը, հղում անելով նոր Սահմանադրության 205 հոդվածին, առաջարկեց, որ այս հարցը դնեն հանրաքվեի:
Կարդացեք նաև
Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ իր ելույթում ասաց. «Ասում են՝ դնենք հանրաքվեի: Եթե պատգամավորը չի կարդում Սահմանադրությունը եւ չգիտի այդ Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու կարգը, սա արդեն խնդիր է: Ընդ որում, այդ հոդվածը նախատեսում է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության դեպքում կարող է նշանակվել հանրաքվե: Շարունակաբար աղավաղել իրավական կարգավորումների էությունը՝ մեր որոշ գործընկերների համար դարձել է վարքագիծ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ