ՀՀԿ խմբակցության պատգամավորի կարծիքով`«Այս պայմանագրի հաստատումով մեր պետության հակաօդային պաշտպանությունը տասնապատիկ հզորանալու է»
–Տիկին Եսայան, թեպետ խորհրդարանում եւ հասարակական շրջանակներում բավական քննարկվեց ՀՕՊ համաձայնագիրը, պաշտպանության փոխնախարարը կարծես փարատեց բոլոր կասկածները ԼՂՀ–ին սպառնացող վտանգների մասով, այնուհանդերձ, Ռուսաստանի հետ համատեղ անվտանգության համակարգի հարցում շատերը թերահավատորեն են վերաբերվում: Չե՞ք կարծում, որ ապրիլյան քառօրյա պատերազմից ու դրան հետեւած զարգացումներից հետո, մտահոգվելու առիթ, այնուհանդերձ ունենք:
-Մինչ ձեր հարցին պատասխանելը թույլ տվեք մի փոքրիկ անցում կատարեմ 1999-ի մայիս ամիսը. ՌԴ պաշտպանության նախարար Գրաչովը գալիս էր Հայաստան, Վազգեն Սարգսյանը արդեն վարչապետ էր եւ մենք, լրագրողներս օդանավակայանում պիտի լուսաբանեինք դիմավորումը եւ համատեղ ասուլիսը: Հիմա կարող եմ փակագծերը մի քիչ բացել եւ ասել, որ ես պիտի կոնկրետ հարց տայի՝ ՌԴ-ն ե՞րբ է Հայաստանին տալու Ս-300-ը: Ես էլ հարցը ժպտալով ուղղեցի Գրաչովին: Ինքը քայլում էր, եւ ես կողքից քայլելով հարցը տվեցի. կանգնեց, ետ եկավ, նայեց դեմքիս ու ասաց՝ դուք զինվորակա՞ն եք: Ասացի` ոչ, ես լրագրող եմ: Բարձր ծիծաղեց եւ ասաց՝ մի անհանգստացեք, խոստացածս ժամկետում Ս-300-ը կլինի Հայաստանում, դա նաեւ մեր շահերից է բխում եւ հետո, ես Վազգենին խոստացել եմ: Հետո ասուլիսի ժամանակ Վազգեն Սարգսյանը ինձ թույլ չտվեց այլ հարց տալ, ասաց՝ դու հիմնական հարցը արդեն տվել ես:
Մի տեսակ հպարտ էի զգում ինձ: Իսկ այսօր, երբ քննարկում ենք ՀՕՊ պայմանագիրը, մտածում եմ, որ մեր հնարավորությունները ոչ թե մեկ այլ՝ տասնապատիկ են ավելացել եւ այն, ինչ մենք այսօր ունենք ռազմական ոլորտում, հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում, շատ կարեւոր է, շատ հզոր եւ այս պայմանագրի հաստատմամբ, մեր պետության, ինչու , ոչ՝ նաեւ ԼՂՀ հակաօդային պաշտպանության հնարավորությունները ավելի են հզորանալու: Հարցնում եք ապրիլյան պատերազմի մասին, այո, գաղտնիք չէ եւ մենք միշտ խոսել ու խոսելու ենք այն մասին, որ ադրբեջանական կողմը ռուսական զենք է օգտագործում, հարց տամ՝ իսկ մե՞նք, մենք միթե այլ զենք ենք օգտագործում:
Կարդացեք նաև
–Բայց մարդիկ բողոքում են, եկել են խորհրդարանի շենքի մոտ եւ պահանջում են դեմ քվեարկել այս պայմանագրին:
-Հարգում եմ ցանկացած կարծիք, եթե այդ կարծիքը օբյեկտիվ է եւ ինքնաբուխ, բայց, կարծում եմ, մի քանի բողոքողները իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչի՞ դեմ են բողոքում: Մի՞թե վատ է, որ մեր պետության հակաօդային տիրույթը ավելի է հզորանալու եւ մենք իրավունք ենք ունենում լիուլի, ինքնուրույն կիրառել այս տեխնիկան վտանգների դեպքում, իսկ որ վտանգներ կան ու դեռ ավելի են լինելու, ոչ ոք չի կասկածում: Այս պայմանագրին միայն պիտի կողմ լինել, քանի որ սա մեր օդային պաշտպանությունը դարձնում է գրեթե անխոցելի, իսկ մեր հարեւանների ռազմատենչության պարագայում դա մեզ համար շատ կարեւոր բաղադրիչ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ