Ռուսաստանը ունի՞ առանձին գաղափարներ, առաջարկներ ԼՂ կարգավորման գործընթացում, այս հարցն ուղղեց «Առավոտ»-ը` 1992-1996թթ. ԼՂ կարգավորմամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովին:
«Ղարաբաղյան կարգավորման բոլոր փուլերում Ռուսաստանն ունեցել է համապատասխան առաջարկներ եւ գաղափարներ, որոնք ոչ միանգամից, բայց, որպես կանոն, ի վերջո ընդունվել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Բայց ինչ-որ ամբողջական ծրագրի մասին ինձ հայտնի չէ», պատասխանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը:
«Ապրիլի սկզբի ռազմական ավանտյուրան, որքան էլ չընդգծվի նախկինի ֆոնին, այն լիովին համապատասխանում է պաշտոնական Բաքվի ընդհանուր մոտեցումներին ղարաբաղյան կարգավորման հարցում: Պարբերաբար լարվածության ակտիվացումն ու պահպանումը նրանց կողմից իրականացվում էր նաեւ նախկինում: Նրանց հիմնական դիրքորոշումն է` «օկուպանտներին հանգիստ չթողնել»: Դրան են ենթարկվում Բաքվի գործողությունները` սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հռետորաբանությունը, պարբերաբար միջադեպերը, հայատյացությունը եւ այլն: Նպատակներն ինչպես ներքաղաքական են, այնպես էլ` արտաքին քաղաքական: Սեփական քաղաքացիներին պետք է համոզել նրանում, որ Ադրբեջանի հանրապետությունը չի հաշտվում պատերազմի արդյունքների հետ: Իսկ արտաքին քաղաքականությունում, դա ճնշման միջոց է ոչ միայն հայերի, այլեւ` միջնորդների, ԵԱՀԿ-ի եւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության նկատմամբ», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Վլադիմիր Կազիմիրովն` անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծման պատճառներին:
1992-1996թթ. ԼՂ կարգավորմամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք հունիսի 30-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ