Վրաստանում ապրող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել առաջիկայում տեղի ունենալիք Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Առաջիկա ընտրություններին վրացաբնակ ռուսների մասնակցության մասին պարզաբանումներ է ներկայացրել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Վասիլի Լիխաչյովը. «ՌԴ այն քաղաքացիները, որոնք ապրում են Վրաստանի տարածքում, հնարավորություն կստանան քվեարկել Հայաստանից՝ Գյումրիում»։
Լիխաչյովի խոսքերով՝ Վրաստանում Ռուսաստանի շահերն այժմ ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատունը, բայց դա վստահություն չի ներշնչում, թե շվեյցարացիները կհամաձայնեն իրենց դեսպանատանը ՌԴ խորհրդարանի ընտրությունների համար տեղամաս ստեղծել, չնայած հանգամանքին, որ Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ժամանակ ռուսաստանաբնակ վրացիները հնարավորություն են ունեցել քվեարկել Մոսկվայում տեղակայված Շվեյցարիայի դեսպանատանը։
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-ին։