Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը կիսում է Սերժ Սարգսյանի կարծիքը

Հունիս 29,2016 13:21

«Ես կիսում եմ այդ կարծիքը, որովհետեւ խնդիրը հեղինակության մեջ չէ, այլ ռեսուրսների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն` անդրադառնալով Reuters գործակալությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

Սերժ Սարգսյանն այդ հարցազրույցում ասել էր, որ ՀՀԿ-ն հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, եթե չհաղթի, ինքը քաղաքականության մեջ անելիք չունի: Լրագրողի ճշտող հարցին էլ` նման բան ակնկալո՞ւմ է, նախագահն արձագանքում է ծիծաղով. «Ոչ»:

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, ՀՀԿ-ն ունի ամենամեծ ռեսուրսները, որոնք կարողացել է մինչեւ հիմա «արդյունավետ» օգտագործել. «Մեր ժողովուրդն էլ, դժբախտաբար, ընդառաջ է գնում դրանց օգտագործման գործընթացին, եթե ավելին չասեմ: Սերժ Սարգսյանը վստահ է իր ռեսուրսների եւ անցած փորձի վրա, հետեւաբար, ասում է, որ նորից մեծամասնություն կկազմենք»:

ՎՍԴՀԿ-ն եւ անձամբ Լյուդմիլա Սարգսյանն առայժմ որեւէ կուսակցության հետ դաշինքի չեն ձգտում: Փորձում են հասկանալ` ի՞նչ ձեւաչափեր կլինեն, որից հետո կորոշեն, թե ի՞նչ կերպ մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Մամուլում հրապարակումներ եղան, որ Լյուդմիլա Սարգսյանը հարում է Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությանը: «Բոլոր խմբակցություններում եւ կուսակցություններում ունեմ ինձ համար համակրելի մարդիկ, որոնց հետ լավ հարաբերություններ կան: Ստեփան Մարգարյանի հետ ընկեր էի մինչեւ ԱԺ-ն: Մարդկային հարաբերությունները, ընկերությունը խորհուրդ կտայի երբեք չշփոթել քաղաքական նախասիրությունների ու դաշինքների հետ»,- ասաց տիկին Սարգսյանը:

Նրա կարծիքով, այսօր դեռ վաղ է հստակ հայտարարություններ անել առաջիկա ընտրություններին մասնակցության մասին, քանի որ որեւէ մեկն այսօր չի կարող ասել` միայնա՞կ կմասնակցի, թե՞ դաշինքով: Իսկ առհասարակ, Լյուդմիլա Սարգսյանը մեկ-երկու կուսակցության ձեւաչափն անարդյունավետ է համարում, գտնում է, որ նման դաշինքները նույնիսկ 7 տոկոսը հաղթահարելու խնդիր կունենան ու դա պարտություն է ի սկզբանե: Իր համոզմամբ`լայն համախմբում է պետք:

Նա անդրադարձավ նաեւ մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց, ինքն իբր բախտագուշակի մոտ է գնացել` իր ապագան ճշտելու համար եւ «թուղթուգիր» է արել ՀՀԿ-ական կին պատգամավորների նկարները, որպեսզի նրանք հաջորդ խորհրդարանում չլինեն: Տիկին Սարգսյանը ծիծաղով է նայում նման հրապարակումներին, կարծում է, որ դրանց ետեւում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն է կանգնած. «Դա ուղիղ Նարեկ Գալստյանն է անում, ես բարձրաձայնում եմ այդ մասին, ասեմ, որ տղամարդկություն չի: Ես միշտ եմ հրապարակային եմ ասում, եթե էդքան տղամարդկություն կա մեջը թող բարձրաձայն իր անունից, ոչ թե խամաճիկներ վարձի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930