ԱԺ-ում քննարկվում է ՌԴ-ի հետ ստորագրված Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ մինչ համաձայնագիրը ԱԺ բերելը՝ նախ հայկական կողմը պետք է հայտարարեր, որ մինչեւ 200 մլն դոլարի վարկի զենքը այստեղ չլինի՝ համաձայնագիրը չի լինի: Պիտի միջազգային ատյաններում ՌԴ-ի ու Ադրբեջանի դեմ գործ հարուցեր ապրիլյան պատերազմում հարձակողական զենքի համար, ինչը չի արել: Եթե դա աներ, հասկանալի կլիներ, որ ՀՀ-ն վարում է անկախ քաղաքականություն. «Իսկ հիմա պարզ է, որ նորից հրավիրել են ՌԴ եւ մենք, ըստ էության, դարձել ենք ՌԴ-ի արբանյակը: ՌԴ-ն այստեղ ունի իր շահերը: Չեն փոխվել ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրության 1921-ի պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են մեր հայկական տարածքներին: Այդ պայմանագիրը գործում է ՌԴ-ի եւ Թուրքիայի մեջ: ՌԴ-ն չի օգնելու մեզ, այլ ինչպես միշտ հանձնել է մեր տարածքները, հիմա էլ է հանձնելու: Հիմա որ հայտարարում եք, որ ռուսական ուղղաթիռները կթռցնեք, ո՞վ է ձեզ թույլ տալու, որ դուք ուղղաթիռ թռցնեք, դուք ո՞վ եք, դուք ուղղակի արբանյակ եք: Ձեր ղեկավարությանը կանչում են ՌԴ, նա այնտեղից հայտարարություններ է անում: Դուք դարձել եք ՌԴ-ի ռազմական, քաղաքական վերահսկողության ներքո գտնվող տարածք»:
Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ԱԺ-ի գրեթե բոլոր քաղաքական ուժերը սպասարկում են ՌԴ-ի քաղաքական տրամադրությունները. «Դուք հրաժարվել եք այլընտրանքներից: Այլընտրանքները ոչ միայն ռազմական են, այլեւ տնտեսական: Իրանի երկաթգծի մասին խոսք է գնում, ՌԴ-ից ասում են՝ ոչ, Հայաստանը չի դառնալու տարանցիկ երկիր, դա մեզ ձեռնտու չի: Հակաօդային այս փաստաթուղթը իրենց համար է անհրաժեշտ, իրենք իրենց խնդիրն են լուծում, մենք դառնալու ենք ռազմական գործողությունների թատերաբեմ: Ես չեմ ուզում հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանը ՌԴ-ի ինչ-որ մի գուբերնիա կարող է դառնալ, մենք անկախ պետականություն ունենք»:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց ՌԴ-ի հասցեին քննադատությանը. «Կա բացահայտ ճշմարտություն՝ մեր նման երկրները պետք է դաշնակցեն այն պետությունների հետ, ում բանակները գտնվում են մեր տարածաշրջանում: Մեր տարածաշրջանում երկու բանակ է գտնվում՝ թուրքական եւ ռուսական: Մենք այդ սխալն արդեն մեկ անգամ կատարել ենք, մենք պետք է դաշնակցենք ՌԴ-ի հետ: ՌԴ եւ հայկական բանակների դաշնակցությունը ստրատեգիական է: Ռուս-թուրքական հարաբերությունների մասին՝ խնդրում եմ ձեզ, որ բոլշեւիկներ եւ ՌԴ տերմինները մի նույնացրեք: Էն ժամանակ, երբ բոլշեւիկները կնքում էին էդ պայմանագրերը, կային այլընտրանքային կառավարություններ, խնդրում եմ 1920-21 թթ –ին կնքած բոլշեւիկների պայմանագրերը չնույնացնել ՌԴ-ի հետ:
Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը մեզ շատ բան է տվել, մեզ համար չունի այլընտրանք, իսկ այլընտրանքը Թուրքիան է:
Հրանտ Բագրատյանը իր տեսակետը հայտնեց՝ ռուսները չգիտեն, որ մեր ռազմավարական դաշնակիցն են, հակասական բաներ են անում. «Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ 1915-ի ջարդերը եղել են ոչ միայն Արեւմտյան Հայաստանում, այլ նաեւ Արեւելյան Հայաստանում՝ Կարսը, Բայազետը…4 անգամ Կարսը գրավել ու հետ են տվել»:
Հրանտ Բագրատյանը ցավ հայտնեց, որ քաղաքական գործիչները գնում են 2017-ի ընտրության այն սկզբունքով, թե ով է իրենցից ՌԴ-ին ավելի մոտ եւ ով մոտ չի. «Ես ձեզանից պակաս կապեր ՌԴ-ի հետ չեմ ունեցել, բայց ես թքած ունեմ, թե ով ինչպես է մտածում: Ես երբեք ինձ թույլ չեմ տվել քծնելու»:
Շարմազանովը վիրավորվեց եւ հորդորեց քծնողների անունները տալ: Բագրատյանն էլ ասաց, որ քծնող ասելով՝ Շարմազանովին նկատի չի ունեցել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ