2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 36, վիրավորվել շուրջ 150 մարդ։ Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր և ադրբեջանցի ժողովրդի անունից ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այդ մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Ալիևի ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մարդկային բազմաթիվ զոհերի և վիրավորների մասին լուրերը շատ տխրեցրել են մեզ։ Տեղի ունեցած դժբախտության կապակցությամբ իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից ցավակցում եմ Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին, Թուրքիայի եղբայրական ժողովրդին և ապաքինում են մաղթում վիրավորներին»։
Տեղեկացնենք նաև, որ ահաբեկչության ժամերին Աթաթյուրքի օդանավակայանից նախատեսվում էր իրականացնել Ստամբուլ-Բաքու չվերթը։ Ահաբեկչության կատարման պահին Ստամբուլ-Բաքու չվերթի ուղևորների գրանցման գործընթացն արդեն ավարտվել էր, իսկ ուղևորները սպասման սրահում սպասում էին մինչև կհրավիրվեն Բաքու մեկնող ինքնաթիռ։ Հաղորդվում է, որ ահաբեկչության պահին դեպքի բուն վայրում չեն եղել ադրբեջանցիներ։