Ս/թ. հունիսի 29-ին (չորեքշաբթի) ՌԴ ԱԻՆ Մերձմոսկովյան Ժուկովսկի օդակայանից կիրականացվի ռուսաստանյան AN148 օդանավի չվերթը դեպի Վլադիկավկազ՝ Վերին Լարսի անցակետում հայտնված մարդկանց տարհանելու նպատակով:
Ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը հայտնել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, համաձայն հայկական և ռուսական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, ՌԴ ԱԻՆ օդանավը կիրականացնի երեք չվերթ:
Ըստ դեսպանության ճշտած տվյալների, ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 ֆուռ, 40 մարդատար ավտոմեքենա և 2-3 ավտոբուս, ընդհանուր առմամբ՝ մոտ 345 մարդ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:
Այս օրերին ՌԴ ԱԻՆ-ի կողմից իրականացված հրատապ միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցակետում հայտնված քաղաքացիներն ապահովվել են սննդով, վրաններով և այլ անհրաժեշտ պարագաներով: Շարունակական աջակցություն են ցուցաբերում նաև տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Նշենք, որ Վերին Լարսի անցակետում հայտնված զգալի թվով քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման աշխատանքներին աջակցում են նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունն ու ՌԴ-ում ՀՀ համապատասխան այլ կառույցների ներկայացուցիչները:
Հավելենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ և ՌԴ ԱԻՆ համապատասխան մարմինների, հայ համայնքային կազմակերպությունների և այլ կառույցների հետ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ դեպի Ռուսաստան-Վրաստան ավտոմայրուղու Վերին Լարսի անցակետ երթևեկելուց:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության
Մամլո ծառայություն